Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Արարատ Ղուկասյան` "Իմ ցանկությունները համընկնում են պն Էռնեկյանի ծրագրերի հետ"

23.05.2008


Պն Ղուկասյան, որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որ Դուք մտադիր եք լուծել Կոնվերս Բանկի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելուց հետո:

Նախ և առաջ անհրաժեշտ է զարգացնել այն բոլոր դրական նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ արվել են Բանկում, հատկապես Բանկի իմիջի ուղղությամբ: Նշեմ, որ մտադիր չեմ Բանկում հեղափոխություն անել, փոխարենը մտադիր եմ այն տանել ներդաշնակ զաևգացման ուղիով և ապահովել մրցունակության բարձր մակարդակ: Համար մեկ խնդիր եմ համարում Բանկի արդյունավետության և սպասարկման որակի բարելավումը: Մեկ այլ խնդիր է Կոնվերս Բանկը դարձնել լավագույն աշխատատեղը ՀՀ բանկային ոլորտում: Իմ խորին համոզմամբ, մարդկային ռեսուսները յուրաքանչյուր բանկի համար ամենահզոր ներուժն են հանդիսանում, որն, իհարկե, պահանջում է կառավարում պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Շատ կարևոր է, որ աշխատողը կատարի իր պարտականությունները ոչ թե մեքենայաբար, այլ հոգով, և համարի Բանկն իր երկրորդ տունը: Այդ նպատակով մտադիր ենք ստեղծել անձնակազմի գնահատման, վճարման և պարգևատրման պարզ ու թափանցիկ համակարգ:

Հաջորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է տալ հաճախորդներին այն, ինչ նրանք սպասում են մեզանից, այն է` կատարելագործել առկա բանկային ծառայությունները և ներդնել նորերը: Վերը թվարկված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլը կլինի Բանկի կառավարման ՏՏ բազայի կատարելագործումը և բիզնես գործընթացների ավտոմատացման համակարգի ներդնումը` ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Սպասվում են արդյոք փոփոխություններ Բանկի վարկային քաղաքականության մեջ, մասնավորապես ավտովարկավորման, հիփոթեքային, սպառողական վարկերի ոլորտում:

Ոչ, սակայն մենք մտադիր ենք շարունակել Բանկի պորտֆելում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման տեսակարար կշռի ավելացման ծրագրի իրագործումը: Կոնվերս Բանկը նաև հավատարիմ կմնա գյուղվարկերի նկատմամբ իր դիրքորոշմանը: Ավելին, կմշակվեն և կներդրվեն գյուղ- և միկրովարկավորման նոր մոտեցումներ, որոնք առավել ադապտացված կլինեն պոտենցիալ վարկառուների պահանջներին` հաշվի առնելով վարկավորման գործունեության առանձնահատկությունները:

Այսօրվա դրությամբ մենք տոկոսադրույքի և սակագնային քաղաքականություններում որևէ փոփոխություններ չենք նախատեսում,քանի որ մեր Բանկի կողմից առաջարկվող գների և շուկայի իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Կոնվերս Բանկը լիովին մրցունակ է, և փոփոխություններ կատարելու հիմքեր առայժմ չկան:
Բնականաբար, մենք հետևելու ենք շուկայի զարգացումներին` այնտեղ տեղի ունեցող փոփոխություններին արագ արձագանքելու նպատակով:

Կարելի է արդյոք ենթադրել, որ Կոնվերս Բանկի ռազմավարությունում նույնպես կոորդինալ փոփոխություններ չեն ակնկալվում, մասնավորապես մանրածախ ծառայությունների վաճառքի բլոկի ամրապնդման կամ կորպորատիվ ֆինանսների գծով:

Միանգամայն իրավացի եք: Կոորդինալ փոփոխություններ չեն լինելու, Բանկը կպահպանի մանրածախ ծառայությունների լայն ու մեծածավալ տեսականի և կորպորատիվ ֆինանսական ծառայությունների հզոր փաթեթ մատուցող ունիվերսալ բանկի իր գործելակերպը: Միաժամանակ մենք ավելացնելու ենք անհատ հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալը և ընդլայնելու ենք դրանց տեսականին: Իմ կարծիքով, Բանկն ինչ-որ տեղ բաց է թողել այս ոլորտում իր տեղը շուկայում, մինչդեռ ժամանակին Կոնվերս Բանկն այտեղ բավականին լավ է ներկայացված եղել: Անհրաժեշտ է վերականգնել կորցրած դիրքերը, ինչը մենք կանենք մոտակա ապագայում:

Դուք նշեցիք նոր ծառայությունների ներդնումը: Ինչպիսի նոր ծառայություններ է Բանկը մտադիր ներկայացնել մոտակայում:

Չնայած, որ այսօրվա դրությամբ Կոնվերս Բանկն առաջարկում է ծառայությունների բավականին լուրջ փաթեթ, որոնք թույլ են տալիս հաջողությամբ իրականացնել Բանկի գուրծունեությունը տեղական շուկայում, իհարկե, պետք է գնալ առաջ և կանգ չառնել արդեն իսկ ձեռք բերած արդյունքների վրա: Առաջիկայում Բանկը շուկայում կներկայացնի 2-3 նոր ավանդատեսակ և նոր քարտային գործիքներ: Առայժմ չէի ցանկանա մանրամասնել նոր ծառայությունները, դրանց վերաբերյալ տեղեկություններ ձեզ հետագայում կտրամադրեն մեր աշխատակիցները:

Ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու Բանկը հայաստանյան բանկային շուկայում խստացող մրցակցության պայմաններում:

Երբ մարդ ցանկանում է գնահատել անշարժ գույք, նա ղեկավարում է երեք հիմանական պարամետրերով` գտնվելու վայրը, վայրը և կրկին վայրը: Եթե վերցնենք բանկը, ապա այստեղ ևս կան երեք հիմնական չափորոշիչներ` սպասարկումը, սպասարկումը և նորից սպասարկումը: Հետևաբար, մրցունակության համատեքստում մեր խնդիրները կայանում են հենց այդ չափորոշիչի` սպասարկման որակի բարելավման մեջ: Լուծման մի տարբերակ է հաճախորդի դիմումի անցած ճանապարհի օպտիմալացումը` սկսած դիմումն ընդունելու պահից մինչև դրա վերաբերյալ որոշում կայացնելը: Սա հատկապես արդիական է բիզնես վարկերի հարցում: Ընդհանուր առմամբ, Բանկի աշխատանքի սխեման պետք է կառուցված լինի այնպես, որ յուրաքանչյուր աշխատակից հաճախորդին ընկալի որպես իր գործի գլխավոր բաղադրիչ:

Այսինքն, Բանկն մտադիր է նվազագույնի հասցնել "ձեռքի աշխատանքը" վարկային դիմումների մշակման գործընթացում:

Կոնվերս Բանկի կառավարման համակարգում վերակազմավորումներ անպայման ակնկալվում են: Բանկը կկառավարի "մատրիցայի" սկզբունքով` որոշումներ կայացնելու բազմամակարդակ սխեմայով: Հստակորեն կնկարագրվեն հաստիքները, կսահմանվեն աշխատակիցների իրավասությունները և ընդունված որոշումների համար պատասխանատվությունը: Սա շատ կարևոր ասպեկտ է, քանի որ եթե աշխատակիցն իրականում չի պատկերացնում իր աշխատանքի շրջանակը, որոշումներ ընդունվում են դանդաղ և ոչ պատշաճ որակով, ինչն իջեցնում է Բանկի ընդհանուր սպասարկման որակը և արդյունավետությունը: Եվ, իհարկե, շեշտը կդրվի գործընթացների ավտոմատացման և "ձեռքի աշխատանքի" մինիմալացման վրա, հատկապես վարկային պրոդուկտների ստանդարտ տեսակների գծով: Ինչ վերաբերում է հիմնական ռիսկի, որի հետ բանկերը գործ են ունենում, այն է` վարկային ռիսկի արդյունավետ կառավարմանը, ապա կստեղծվի ռիսկերի կառավարման նոր ստորաբաժանում:

Այսօր բանկային ոլորտում բավականին սուր է կանգնած կադրերի հոսունության խնդիրը: Ինչպես եք մտադիր խրախուսել Ձեր անձնակազմին:

Պետք է նշեմ,որ Կոնվերս Բանկն ունի լավ անձնակազմ, որն ընդգրկում է բավականին բարձր մակարդակի արհեստավարժ մասնագետներ: Ես արդեն խոսել եմ Կոնվերս Բանկը լավագույն աշխատատեղ դարձնելու խնդրի մասին, և այդ ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Մասնավորապես, կկատարելագործվի Բանկի աշխատակիցների խրախուսման համակարգը, նախապատրասման և որակավորման բարձրացման համակարգը, և ամենակարևորը` կստեղծվի Բանկի մասնագետների համար կարիերայի աճի հնարավորություն: Մասնագետը պետք է պարբերաբար ստանա նոր առաջադրանքներ, նոր մարտահրավերներ, որոնք լուծելով` նա կկարողանա բարձրացնել իր մասնագիտական մակարդակը: Բանկի ներսում կադրեր "աճեցնելու" քաղաքականության հետ մեկտեղ մենք, անշուշտ, ակտիվորեն կհետևենք շուկայի` ներգրավելով նոր կադրեր: Ընդհանուր առմամբ, կադրային քաղաքակությունն ամբողջությամբ ուղղված կլինի յուրաքանչյուր աշխատակցի արդյունավետության բարձրացմանը, խոստումանալից կադրերի բացահայտմանն ու խրախուսմանը: Կարծում եմ, որ դինամիկ զարգմացման հենց այս մոդելը թույլ կտա մեզ պահպանել շուկայում մրցունակ գործատուի մեր դիրքերը:

Որոնք են Կոնվերս Բանկի ուժեղ կողմերը, որ Դուք մտադիր եք ամրապնդել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

Ըստ իս, Կոնվերս Բանկն ունի երկու ուժեղ կողմ` առաջինը` հաճախորդները և երկրորդը` աշխատակիցները: Բանկն ունի բավականին լուրջ և կայուն հաճախորդների կազմ, և ես կցանկանայի հայտնել նրանց իմ երախտագիտությունը` Բանկին հավատարիմ մնալու համար: Անձնակազմի մասին խոսել եմ և կկրկնեմ` մենք ունենք շատ հեռանկարային երիտասարդ ու գործունակ կադրեր, և մեր խնդիրն է այդ թիմի էներգիային ճիշտ ուղղություն տալ, մասնավորապես հաճախորդների հետ աշխատանքի որակի բարձրացման նպատակով:

Մտադիր եք արդյոք կապիտալի շուկա դուրս գալ:

Մեզ հետաքրքրում է կապիտալի շուկան, ավելին, հնարավոր է, որ Բանկը թողարկի նոր համապատասխան ֆինանսական գործիքներ: Կարծում եմ` արդեն այս տարվա ամառվա կեսերին Կոնվերս բանկը պատրաստ կլինի կապիտալի շուկա դուրս գալ:

Պն Ղուկասյան, թույլ տվեք Ձեզ մի անձնական հարց տալ: Որն էր HSBC-ի թոփ-մենեջերի` Կոնվերս Բանկ տեղափոխվելու պատճառը:

Ես գոհ եմ այն ուղուց, որն անցել եմ HSBC Բանկում և հուսով եմ, որ իմ նախկին գործատուն նույն կարծիքի է: Իսկ Կոնվերս Բանկ տեղափոխվելու պատճառն էին Կոնվերս Բանկի նոր բաժնետեր Էդուարդո Էռնեկյանի` ինչպես Բանկի, այնպես էլ Հայաստանի տնտեսության զարգացման հետաքրքիր և լուրջ գաղափարները: Ստացվեց այնպես,որ պն Էռնեկյանի նպատակները իմ անձնական մասնագիտական շահերը համընկան, որոնք կարելի է սահմանել որպես հայկական բանկային բրենդի ստեղծում, համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցում: Ինչպես արդեն նշել եմ, ինձ գրավում է այն ծրագիրը, որ մեր բաժնետերը մտադիր է իրագործել Հայաստանում, և Կոնվերս Բանկի թիմն իր մեջ ուժ գտավ` այդ մարտահրավերն ընդունելու:

Եվ վերջին հարցը` Ըստ Ձեզ, որոնք են լավ բանկային ղեկավարի հատկանիշները:

Սա, թերևս, ամենաբարդ հարցն է: Իմ կարծիքով, յուրաքանչյուր ղեկավար, անկախ նրանից, թե ինչ ոլորտում է աշխատում, պետք է օժտված լինի աշխատասիրությամբ, գիտելիքով, փորձով և թիմային մտածելակերպով: Բացառություն չէ նաև բանկային ոլորտը: Չնայած` բանկային ղեկավարի համար ես նաև հաշվի կառնեի ճկունությունը` յուրաքանչյուր հաճախորդ ներկայացնում է իր պահանջները և ակնկալում է համապատասխան վերաբերմունք, իսկ բանկային ղեկավարը պետք է աշխատի նրանց հետ` ձեռքի տակ ունենալով գործիքների որոշակի տեսականի: Եվ այս ամենը` որոշում կայացնելու համար անհրաժեշտ տվյալների պակասի և ժամանակի պակասի պայմաններում: Միևնույն ժամանակ բանկի ղեկավարի գործունեության պտուղները միանգամից չեն երևում: Իհարկե, կան նաև արագ արդյունք տվող լուծումների կողմնակիցներ, սակայն նման լուծումները հաճախ կարճաժամկետ են և հանգեցնում են բանկի հիմնական ռազմավարությունից շեղումների, ինչը սովորաբար բանկի վրա շատ ավելի թանկ է նստում: Ընտրված ռազմավարությանը հավատարիմ մնալ, չնայած կարճաժամկետ արագ արդյունքի հասնելու գայթակղությանը, բանկի վերին ղեկավարին օգնում է միայն ընտրված ռազմավարության հանդեպ հավատքը, առանց որի` սկզբունքայնորեն դժվար է պատկերացնել բանկի լավ ղեկավար:


Դելովոյ Էքսպրես

← Վերադառնալ ցուցակին