Կոնվերսը պարգևատրեց հերթապահ ոստիկանին
03.05.2011
Մայիսի 3-ին "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում տեղի ունեցավ Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի պարգևատրման արարողությունը:
Ցուցաբերած քաջության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար բանկի տնօրինությունը պատվոգիր և դրամական պարգև շնորհեց Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան` ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին:
Շնորհակալություն հայտնելով ավագ սերժանտ Հովսեփյանին և մասնաճյուղի աշխատակիցներին` բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը կարևորեց ցանկացած աշխատանքում պրոֆեսիոնալիզմի դրսևորումը: Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ Խաչիկ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին բանկի "Նոր Նորքի" մասնաճյուղի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել էր վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը` չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը: Հաջորդ օրն իսկ, առավոտից վերականգնվել էր բանկի "Նոր Նորք" մասնաճյուղի աշխատանքը. այն իրականացվում է բնականոն ռիթմով: