Երեխաների պաշտպանության միջազգային օրը Կոնվերս Բանկում բացվեց "Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
05.06.2017
![](https://www.conversebank.am/files/n_pics/1105_s.jpg)
Արմինֆո
Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկի Գլխամասային գրանսենյակում բացվեց Հայաստանի Առաքելական սուրբ Եկեղեցու "Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
"Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի լավագույն կրթօջախներից մեկի՝ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի և Հայորդաց Տան 25 սաների գեղանկարչական աշխատանքները: Դրանցում լավագույնս արտացոլված է պատանի նկարիչների գունեղ ու լուսավոր ներաշխարհը, հավատն ապագայի նկատմամբ: Անկախ թեմայի ընտրությունից՝ հոգևոր թեմատիկա, բնանկար, դիմանկար և այլն, աշխատանքները աչքի են ընկում գունային հարուստ էլևէջներով, աշխարհընկալման պարզությամբ ու անմիջականությամբ: Երեխաների գործերը սեր են ճառագում, գունավորում և ավելի պայծառ դարձնում մեր Բանկը", - իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի գործադիր Տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:
Նա նշեց, որ հիմնադրման պահից ի վեր՝ արդեն ավելի քան 10 տարի, Էօրնեկեան դպրոցի սաները, նրանց համար որակյալ կրթության ապահովմանը առնչվող խնդիրները միշտ եղել են արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ուշադրության կենտրոնում, որի ֆինանսական աջակցությամբ ներկայում կառուցվում է դպրոցի նոր մասնաշենքը:
"Երեխաների նկատմամբ հոգածությունը, նրանց համար դաստիրակության և կրթության լավագույն պայմանների ստեղծումը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբի անդամ հանդիսացող Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այնպես որ, սա 2017-ին՝ երեխաներին նվիրված առաջին նախաձեռնությունը չէր: Բանկը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցողներին, մանկատների սաներին ու տարբեր դպրոցների՝ վստահությամբ, որ բոլոր երեխաները, անկախ սոցիալական կամ առողական վիճակից, անհոգ մանկության իրավունք ունեն",- իր խոսքը եզրափակեց Գոհար Հարությունյանը:
Նշենք, որ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ մայիսի 31-ին, Բանկի աշխատակիցները այցելել են Արզնի 1 առողջարան, որտեղ "Երազ" հիմնադրամի աջակցությամբ մեկշաբաթյա ճամբար է կազմակերպվել շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար: Բանկի աշխատակիցների հետ առողջարան էին այցելել նաև մանուկների սիրելի մուլտհերոսներ, ծաղրածուներ՝ իրենց կատակներով, խաղերի ու պարերի շնորհիվ փոքրիկներին պարգևելով ուրախ ու անմոռանալի տոն:
Նախորդ տարի ևս հունիսի 1-ին Կոնվերս Բանկը թեստ-երիզներ էր հանձնել "Մուրացան " հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին:
Կայքի հղում՝ http://finport.am/full_news.php?id=29978&lang=1