Կոնվերս Բանկը 2008թ. կպահպանի իր դիրքերը ՀՀ լավագույն բանկերի հնգյակում
05.06.2008
2007թ. բավականին նշանակալից էր Կոնվերս Բանկի համար, այդ թվում` զգալի փոփոխության կոնտեքստում` սեփականատիրոջ փոփոխություն, որը տեղի ունեցավ անցյալ տարվա առաջին եռամսյակում: Կարևոր իրադարձություն էր նաև հեղինակավոր գործնական ամերիկյան "Գլոբալ Ֆայնենս" հրատարակչության կողմից Կոնվերս Բանկի ճանաչումը` որպես 2007թ. լավագույն բանկ զարգացող շուկաներում և արտարժույթի գործառնություններում: Մենք ավարտեցինք տարին հիմնական ցուցանիշների բարձր արդյունքներով: Այսպիսով, Բանկի ակտիվները 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմեցին 58.7 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 11 միլիարդ դրամ, մաքուր եկամուտը` 1.4 միլիարդ դրամ, իսկ հաշվեկշռային եկամուտը կապիտալի հաշվին 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմեց 7.1 միլիարդ դրամ: Անցյալ տարին նշանավորվեց նաև մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ: Ինչ վերաբերում է 2008թ., ցանկանում եմ հիշեցնել, որ ես անցել եմ աշխատանքի սույն թվականի փետրվարի 1-ին, առաջին եռամսյակը մենք փակել ենք 682.4 միլիոն դրամ եկամուտով` 50% - ով գերազանցելով պլանավորված մակարդակը: Ընդ որում` Բանկի ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են 56.2 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 11.6 միլիարդ դրամ, իսկ հաշվեկշռային եկամուտը կապիտալի հաշվին նույն ժամանակահատվածում կազմեց 7.8 միլիարդ դրամ: Ընդհանրացնելով ասվածը` նշեմ, որ տարվա արդյունքներով ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան պլանավորված էր: Արդեն ապրիլին մենք նկատել ենք դրական դինամիկա, և եթե այսուհետ շարունակվի նույն կերպ, ապա 2008թ. նույնպես հաջող կլինի, մենք կպահպանենք մեր դիրքերը` մնալով լիդեր - բանկերի հնգյակում մի շարք ցուցանիշներով:
Դուք նշեցիք մասնաճյուղային ցանցի ընդլայնումը Ձեր դրական նվաճումների թվում: Քանի գործող մասնաճյուղ ունի Բանկը:
Այսօր Կոնվերս Բանկը ունի 23 գործող մասնաճյուղ: Անցյալ տարի բացվեց 8 մասնաճյուղ, այս տարի մենք նախատեսում ենք բացել ևս 10-ը: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք մենք կհասցնենք իրականացնել բանկային համակարգերի արդիականացում: Իհարկե, կբացվեն Բանկի մի քանի մասնաճյուղ նաև Երևանում, բայց մեծ մասամբ դրանք կլինեն մարզերում: Այսօր Կոնվերս Բանկի 23 մասնաճյուղերից մայրաքաղաքում գործում են 8-ը, մնացածը` մարզերում:
Մտադրվում է արդյոք Բանկը դուրս գալ ֆոնդային շուկա իր սեփական պարտատոմսերով:
Չեմ թաքցնի, որ մենք մտադրվում ենք դուրս գալ պարտատոմսերի շուկա, հնարավոր է արդեն հուլիս - օգոստոս ամիսներին: Ներկայումս, Բանկում ընթանում է այդ ծրագրի ընդհանրացման գործընթացը: Այժմ մեր առջև ծառացել է երկակի խնդիր` ուսումնասիրել շուկայի պահանջները "երկար փողերի" նկատմամբ և պարզել մեր հնարավորությունները տվյալ շուկայում ակտիվիզացման ուղղությամբ: Քանի որ մենք այստեղ ներկայացված չենք, այդ իսկ պատճառով մենք նայում ենք այդ շուկային միջոցների ներգրավման տեսանկյունից և որպես գործիք, որը թույլ է տալիս հայտնել մեր մասին: Անշուշտ, մենք կանգ չենք առնի այստեղ, հետագայում մտածելու ենք դուրս գալ միջազգային շուկաներ, սակայն այժմ դեռ վաղ է խոսել այդ մասին:
Ինչպես եք գնահատում Սկանդինավյան բորսային օպերատոր OMX-ի մուտքը Հայաստան, կապիտալի շուկայի զարգացման իմաստով:
Իմ կարծիքով մեծ արտասահմանյան կառույցի մուտքը զարգացող երկրներ միշտ էլ կարելի է միայն ողջունել նախ և առաջ փորձի ձեռք բերման, մենեջմենթի կուլտուրայի, շուկաների հետ շփման և, իհարկե, ներդրումների տեսանկյունից: Եվ այս իմաստով OMX-ը հենց այդպիսի ընկերություն է: Հարկ է ընդունել, որ մենք դեռ շատ բան ունենք սովորելու այլ երկրներից:
Ինչպես եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի զարգացման ներկայիս փուլը մրցակցության աճի, նոր խաղընկերների հայտնվելու, ծառայությունների տեսակների ընդլայնման և որակի բարելավման, ֆոնդային շուկային ակտիվիզացման պայմաններում:
Այսօր մենք վկաներ ենք նոր գործընթացների, որոնք կարելի է տեսնել հայկական բանկային համակարգում: Ես կարծում եմ, որ մեր բանկերը գտնվում են զարգացման շրջադարձային փուլում: Բանն այն է, որ բանկային համակարգում գործում էր ձևավորված կուլտուրա, որը նախատեսում էր սեփականատիրոջ և մենեջերի սերտ համագործակցություն: Սակայն կորպորատիվ կառավարման կոնցեպցիայի ներդրումից հետո սեփականատեր - մենեջեր տանդեմը դադարեց գործել: Այսօր բանկերի սեփականատերերն արդեն գիտակցում են, որ ապագան պատկանում է կորպորատիվ կառավարմանը, և դրան անշուշտ, նաև նպաստում է այն հանգամանքը, որ Հայաստանում էապես աճել է արտասահմանյան կապիտալով բանկերի թիվը, որոնք ի սկզբանե եղել են այդ հայացքների կրողները: Մինչդեռ հայկական բանկային համակարգը մեծ փոփոխությունների կարիք ունի: Մրցակցությունը, անկասկած, աճում է, բայց եկեք հասկանանք, որ բացի այդ, շատ տեղ է մնում հենց բանկերի աճի համար: Եվ հենց դրանում է եվրոպական բանկերի հետաքրքրությունը մեր շուկայի նկատմամբ: Եթե համեմատենք բանկային ծառայությունների պահանջի աստիճանը, ապա այսօր մենք էապես հետ ենք մնում մի շարք եվրոպական, ինչպես նաև հարևան երկրներից: Մենք դեռ ունենք բնակչության որոշակի շերտ, որը զրկված է բանկային ծառայություններից, և նրանք մեր պոտենցիալ հաճախորդներն են:
Մրցակցության սրումը թելադրում է բանկերին անընդհատ ներդնել նոր ծառայություններ: Այս մասով ինչ է ընձեռում Կոնվերս Բանկը:
Մենք ունենք մեկ սկզբունք` եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր դիրքերը շուկայում, ապա դրա միակ միջոցը - ծառայությունն է: Առաջին հերթին մենք վերանայում ենք մեր բոլոր բիզնես գործընթացները, ձգտելով նրան, որպեսզի հաճախորդին մատուցվեն առավելագույն հարմար ծառայություններ Բանկում: Այսինքն մենք դնում ենք նպատակ բարձրացնել Բանկի էֆեկտիվությունը: Դրանով իսկ մենք ստեղծում ենք հաճախորդի մոտ բավարարվածության զգացում մատուցված ծառայություններից: Կարելի է, իհարկե, մի փոքր բարձրացնել ավանդների տոկոսը, մի քիչ իջեցնել վարկերի տոկոսադրույքը, սակայն դա կունենա ժամանակավոր ազդեցություն, սակայն անհրաժեշտ է մեր առջև դնել ստրատեգիական նպատակներ: Այդ պատճառով մեր առաջնահերթ խնդիրն է` լավ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին: Այստեղ խոսքը գնում է ստանդարտ ծառայությունների մասին, որոնք մատուցում են բոլոր բանկերը, բայց շահող է նա, ով դա կանի ավելի որակյալ: Այսօրվա դրությամբ մենք մշակել ենք մի քանի նոր մոտեցումներ, որոնք կապված են նոր ավանդների ներգրավման հետ, կան նաև որոշ հեռանկարներ թոշակային հիմնադրամների ձևավորման վերաբերյալ, բայց այդ մասին մենք հնարավոր է հայտնենք արդեն հունիսին: Միանշանակ, մեզ մոտ գնում է մի շարք գործիքների վերանայման գործընթաց, մասնավորապես` քարտերի մասով, ցանկանում ենք բարելավել ծառայությունների տեխնոլոգիական հիմքը, ինչը թույլ կտա հաճախորդին օգտվել բանկային ծառայություններից` չայցելելով բանկ: Նոր գործիքների թվում է, ի միջի այլոց, նոր պարտատոմսերի բացթողումը, լիզինգի և ֆակտորինգի ծառայությունների ներդրումը. ահա այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք 2008 թվականին:
Ընդհանուր առմամբ, ինչպիսին է լինելու Բանկի ռազմավարությունը` հաշվի առնելով վերոհիշյալը:
Մենք հավատարիմ կմնանք մեր ռազմավարությանը` լինել ունիվերսալ բանկ, որը ծառայում է բնակչության բոլոր շերտերին: Ես կարծում եմ, որ վերջին տարիներին, Բանկը մի փոքր զիջել է իր դիրքերը հաճախորդների անհատական ծառայությունների ոլորտում, և այժմ մենք կջանանք լրացնել բացթողումները:
Ինչպես եք գնահատում մրցակցությունը բանկերի և վարկային կազմակերպությունների միջև հիփոթեքային վարկերի շուկայում: Ինչպիսին է իրավիճակն այս շուկայում:
Հիփոթեքը մեզ մոտ դիտվում է որպես հետաքրքիր գործիքներից մեկը: Ընդ որում` մենք ցանկանում ենք ներդնել միջին շերտերի համար բնակատեղի բարեկարգման պահանջարկի բավարարման փորձը: Եթե խոսենք հիփոթեքային շուկայի մասին ամբողջովին, այս ծառայության պահանջարկը Հայաստանում բավականին մեծ է, և այն կպահպանվի: Այսօր ֆինանսա - վարկային հաստատություններում դիտվում է վարկային ռեսուրսների բարձր պահանջարկ, և անընդհատ ստիպված ես լինում մտածել, թե որտեղից կարելի է դրանք հայթայթել: Երբ բնակչության լայն զանգվածներ սկսեն պահել իրենց խնայողությունները բանկերում, այս խնդիրը մի փոքր կմեղմանա: Նշեմ, որ անշարժ գույքի հայկական շուկան հիմնականում բավականին զարգացած է, եթե խոսենք երկրորդական շուկայի մասին: Հիմնավորվել է նաև էլիտար բնակատեղի առաջնային շուկան: Բայց բնակչության միջին խավերի համար այս շուկան դեռևս չի ձևավորվել: Հենց այս մակարդակն էլ մենք ցանկանում ենք գրավել: Հարկավոր է կառուցել ավելի էժան բնակատեղեր և պարտադիր չէ անպայման կենտրոնում: Անշուշտ, դրա համար կպահանջվեն ավելի լուրջ ռեսուրսներ, և այստեղ բանկերը միայնակ չեն կարող լուծել բոլոր խնդիրները: Բանկերը կարող են ապահովել երկրորդական շուկան, երբ խոսքը վերաբերում է առք ու վաճառքին, սակայն երբ խոսքը վերաբերում է լայնամասշտաբ կառուցապատմանը, ապա սխալ կլինի միայն բանկերի կողմից ներգրավված միջոցների վրա հույս դնելը` հիփոթեք ստանալու համար: Այստեղ անհրաժեշտ են այլ գործիքներ, մասնավորապես` կապիտալի շուկայի հնարավորությունները:
Կարելի է ակնկալել տվյալ իրավիճակում տոկոսադրույքների և բնակատեղի գների փոփոխություններ հիփոթեքային շուկայում:
Ինչպես մենք ենք կարծում, գների իջեցում տեղի չի ունենա, սակայն մեծ աճ էլ նույնպես չի ակնկալվում: Սակայն պետք չէ նաև մոռանալ, որ վերջին ժամանակներս բարձրացել են շինանյութի գները, ինչը կանդրադառնա նաև ինքնարժեքի վրա: Սակայն մյուս կողմից , եթե հաշվի առնենք մրցակցության և վճարողունակության գործոնը, ապա հնարավոր է, որ դա չի բերի բնակատեղի գների ադեկվատ աճի և կդառնա դրանց պահպանման շարժառիթը: Ինչ վերաբերվում է տոկոսադրույքներին, ապա այսօր դժվար է դրանք կանխատեսել, քանի որ Հայաստանում միշտ եղել է վարկային ռեսուրսների պակաս: Միջազգային շուկաներում իրացվելիության խնդիրների և ռեսուրսների պակասի պայմաններում տոկոսադրույքների պակաս կարող է և տեղի չունենալ: Մի քանի տարի առաջ դա նկատվում էր, սակայն տվյալ պայմաններում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների կրճատում հազիվ թե տեղի ունենա:
Հիփոթեքի շուկայում այսօր որ տոկոսադրույքներն են համարվում օպտիմալ:
Իմ կարծիքով ամենաօպտիմալ կարելի է համարել տարեկան մոտավորապես 14-16%: Բայց կախված բանկի ծախսերի ամբողջականությունից, այդ թվերը կարող են նաև ցածր լինել:
Ինչպիսին է Կոնվերս Բանկի վարկային պորտֆելը:
Ապրիլի տվյալներով Բանկի վարկային պորտֆելը կազմել է 30.2 միլիարդ դրամ: Եթե դիտենք պորտֆելի կառուցվածքը, ապա 2008թ. առաջին եռամսյակի վերջին տնտեսության մասնավոր սեկտորի վարկավորումը կազմել է 18.7 միլիարդ դրամ, որից 8.5 միլիարդ դրամը տրամադրվել է խոշոր ձեռնարկություններին, իսկ 10.2 միլիարդ դրամը` փոքր և միջին բիզնեսին: Ֆիզիկական անձանց վարկավորումը կազմել է 11.1 միլիարդ դրամ, որից մոտավորապես 7.8 միլիարդ դրամը կազմել են սպառողական վարկերը, 484.1 միլիոն դրամը` կրեդիտ քարտերը: Այս տարի հիփոթեքային վարկերի պորտֆելը հասել է 3 միլիարդ դրամի: Բանկի վարկային պորտֆելի մեջ պետական ձեռնարկությունների վարկավորումը կազմել է 451.7 միլիոն դրամ: Ըստ ոլորտների` վարկային պորտֆելի 22.1% կամ 6.7 միլիարդ դրամը տրամադրվել է արդյունաբերության վարկավորմանը, 25.7% կամ 7.8 միլիարդ դրամը` առևտրի ոլորտին, 25.9% կամ 7.8 միլիարդ դրամը` սպառողական վարկերին:
Ընդ որում, վարկերի համարյա 98.7%-ը ստանդարտ վարկեր են, այսինքն մեր պորտֆելի որակը բավականին բարձր է: Բանկը մասնակցում է Համաշխարհային բանկի և Գերմանական KfW բանկի միջազգային մի քանի ծրագրերին:
Ինչպիսի խնդիրներ է դրել Կոնվերս Բանկը հաճախորդների համար ծառայությունների տեսակների ընդլայնման ոլորտում:
Կորպորատիվ ծառայության ոլորտում մենք նկատում ենք լավ դինամիկա: Այսօր բանկում բացվել են 2700 իրավաբանական անձանց հաշիվներ` առանց հաշվի առնելու 24 հազար ֆիզիկական անձանց հաշիվները: Բացի այդ, Կոնվերս Բանկը ապրիլի դրությամբ բաց է թողել 22 հազար VISA քարտեր, ընդ որում` ընդհանուր հայկական բանկերի կողմից բաց է թողնվել համարյա 91 հազար VISA միջազգային վճարային համակարգի քարտեր:
Տնտեսության որ ոլորտի ֆինանսավորմանն է նախընտրություն տալիս բանկը:
Կոնվերս Բանկի սեփականատերը` հայկական ծագումով արգենտինացի ձեռներեց Էդուարդո Էրնեկյանը, իր ուշադրությունը սևեռում է ավիացիայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության վրա, հատկապես եթե դա վերամշակող սննդի արդյունաբերության ոլորտն է: "Հազարամյակի մարտահրավերներ" ծրագրում մասնակցելու համար մենք դարձանք հաղթող 8 մակարդակներից 5-ում, և այդ բոլոր միջոցները կտրամադրվեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Դա կկազմի մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլար, բայց մենք անշուշտ կտրամադրենք մեր սեփական միջոցները, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի բացմանը, որակավորման բարձրացմանը:
Ձեր կարծիքով, ինչպես է անդրադառնում իրացվելիության միջազգային ֆինանսական շուկաների ճգնաժամը Հայաստանի վրա երկարաժամկետ էժան միջոցների ներգրավման ոլորտում:
Մինչև որ իրավիճակը արտաքին շուկաներում չկայունանա, տոկոսադրույքները կշարունակեն մնալ բարձր: Ես կարծում եմ, որ իրավիճակը աստիճանաբար ուղղվում է և, հնարավոր է, մեկ տարի անց այս ժամանակ, մենք արդեն կլինենք այլ վիճակում: Բայց դեռ բացասական ազդեցությունը, բնականաբար, կա, այդ թվում` ինստիտուցիոնալ ներդրողներին միջոցների տրամադրման տեսանկյունից: Մենք համագործակցում ենք միջազգային բանկերի հետ և իրացվելության իրավիճակի բարելավումը միջազգային շուկաներում, անշուշտ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
Այսօր Կոնվերս Բանկը, ունենալով ամենացածր հիմնադիր կապիտալ, հինգերորդ տեղում է իր ընդհանուր կապիտալի մեծությամբ: Միևնույն ժամանակ, կարելի է արդյոք ակնկալել Բանկի կարգավիճակի փոփոխություն և որպես դրա հետևանք` Բանկի կապիտալի աճ:
Իսկապես, կապիտալիզացման մակարդակով Կոնվերս Բանկը մտնում է լիդեր - բանկերի հնգյակը: Այժմ մենք չենք նախատեսում կապիտալի մեծացում, չնայած որ Բանկի բաժնետերը ունի կապիտալի աճի օժանդակության համապատասխան ծրագիր: Միևնույն ժամանակ այսօր մենք չենք դիտում նաև մեր կարգավիճակի փոփոխության հարցը, սակայն չենք բացառում այն ապագայում: Ամեն դեպքում այն մոդելը, որով այսօր աշխատում է Բանկը, մեր կողմից ճանաչվել է որպես օպտիմալ, քանի որ այն արտացոլում է սեփականատիրոջ և հմուտ մենեջերի համագործակցությունը, և դրանում է, ըստ իս, մեր հաջողության բանաձևը:
ԱՐՔԱ