"Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես
05.06.2017
![](https://www.conversebank.am/files/n_pics/1528_s.jpg)
Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվեց Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու "Էօրնեկեան հանրակրթական դպրոցի" սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի լավագույն կրթօջախներից մեկի՝ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի և Հայորդաց Տան 25 սաների գեղանկարչական աշխատանքները: Դրանցում լավագույնս արտացոլված է պատանի նկարիչների գունեղ ու լուսավոր ներաշխարհը, հավատն ապագայի նկատմամբ: Անկախ թեմայի ընտրությունից՝ հոգևոր թեմատիկա, բնանկար, դիմանկար և այլն, աշխատանքները աչքի են ընկում գունային հարուստ էլևէջներով, աշխարհընկալման պարզությամբ ու անմիջականությամբ:
Երեխաների նկատմամբ հոգածությունը, նրանց համար դաստիրակության և կրթության լավագույն պայմանների ստեղծումը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբի անդամ հանդիսացող Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այնպես որ, սա 2017-ին՝ երեխաներին նվիրված առաջին նախաձեռնությունը չէր: Բանկը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցողներին, մանկատների սաներին ու տարբեր դպրոցների՝ վստահությամբ, որ բոլոր երեխաները, անկախ սոցիալական կամ առողական վիճակից, անհոգ մանկության իրավունք ունեն: