Կոնվերս Բանկը Երեւանի կիսամարաթոնի ֆինանսական գործընկերն է
14.10.2017
Banks.am
Կոնվերս Բանկը հոկտեմբերի 15-ին կայանալիք Երեւանի կիսամարաթոնի պաշտոնական ֆինանսական գործընկերն է:
Բանկում նշել են, որ մարաթոնն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով:
"Գաղափարը շատ հարազատ է Կոնվերս Բանկին, որը պարբերաբար առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում՝ ֆինանսավորելով ու կազմակերպելով մրցույթներ, բարեկարգելով սպորտային հարթակներ եւ այլն",- ասել են բանկում՝ հավելելով, որ առաջիկայում բանկն ակտիվացնելու է այդ ուղղությամբ աշխատանքները՝ ֆինանսավորելով մարզահրապարակների շինարարությունը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:
Երեւանի կիսամարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի, մրցելու են տարբեր երկարությամբ 4 մրցուղիներում: 21 կմ, 10 կմ եւ 5 կմ մրցավազքերում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցների համար սահմանված են դրամական պարգեւներ, իսկ բոլոր մասնակիցները՝ անկախ ցուցաբերած արդյունքից, կստանան վազքի շապիկներ եւ մեդալներ։
Սահմանված է նաեւ հինգ թիմային մրցանակ՝ "Ամենամեծ թիմ", "Ամենամեծ մանկական թիմ", "Ամենաարագ թիմ", "Ամենաարագ մանկական թիմ", "Ամենալավ աջակցողներ ունեցող թիմ" անվանակարգերում: