Թեժ գիծ +37410 511 211

Ընդհանուր հաշվետվական ստանդարտ (CRS)

 Ընդհանուր հաշվետվական ստանդարտ (CRS)

Հարկերից խուսափելու դեմ պայքարելու և հարկային համակարգերի թափանցիկությունն ու վստահելիությունն ապահովելու նպատակով տարբեր երկրների կառավարություններ ներդրել են նոր կանոններ, համաձայն որոնց ֆինանսական հաստատությունները պարտավոր են հավաքել և փոխանցել որոշակի տեղեկություններ հաշվետերերի հաշիվների վերաբերյալ։ Այս կանոնները հայտնի են որպես Միասնական հաշվետվողական ստանդարտ (Common Reporting Standard-CRS), և մենք ցանկանում ենք բացատրել, թե ինչպես կարող են դրանք ազդել ձեզ վրա։
CRS-ի շրջանակներում մենք պետք է պարզենք ձեր հարկային ռեզիդենտության երկիրը, որը սովորաբար այն երկիրն է, որտեղ դուք վճարում եք եկամտահարկ կամ շահութահարկ։ Մենք կօգտվենք մեզ մոտ արդեն առկա տեղեկությունից և ըստ անհրաժեշտության կարող ենք պահանջել լրացուցիչ տվյալներ։

Եթե ձեր հարկային ռեզիդենտության երկիրը ՀՀ-ը չէ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան մենք պարտավոր ենք ՀՀ հարկային մարմին փոխանցել ձեր և ձեր հաշիվների վերաբերյալ որոշ տեղեկություններ։ ՀՀ հարկային մարմինը կարող է հետագայում այդ տեղեկությունը փոխանցել այն երկրի կամ երկրների հարկային մարմիններին, որտեղ դուք համարվում եք հարկային ռեզիդենտ։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը (CRS)։
CRS-ը (Common Reporting Standard) Միասնական հաշվետվողական ստանդարտը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից մշակված հաշվետվողականության, պատշաճ ստուգման և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միասնական ստանդարտ է, որը նախատեսում է ֆինանսական հաստատությունների կողմից պարզել հաճախորդների հարկային ռեզիդենտությունը և համապատասխան տեղեկությունը փոխանցել հարկային մարմին։ Դրա նպատակն է կանխել հարկերից խուսափելը և ուժեղացնել գլոբալ հարկային համակարգերի թափանցիկությունը։

Ինչո՞ւ է Կոնվերս Բանկը պահանջում իմ հարկային տվյալները։
CRS-ին անդամկցած երկրների ներպետական օրենսրդրության մակարդակով սահմանված է, որ ֆինանսական հաստատությունները պետք է հավաքագրեն և հարկային մարմին հաղորդեն իրենց հաճախորդների հարկային ռեզիդենտության վերաբերյալ տվյալները։ Այդ պատճառով մենք պարտավոր ենք հավաքել և անհրաժեշտության դեպքում փոխանցել այդ տեղեկությունը հարկային մարմին։

Ո՞վքեր են CRS-ի շրջանակներում համարվում հաշվետու։
CRS-ը կենտրոնանում է հաճախորդների հարկային ռեզիդենտության վրա։ Եթե դուք ունեք ՀՀ-ում բացված բանկային հաշիվ և հանդիսանում եք այլ երկրի հարկային ռեզիդենտ, ապա ձեր և ձեր հաշիվների վերաբերյալ տեղեկությունը ենթակա է փոխանցման ՀՀ հարկային մարմին, որն էլ իր հերթին կարող է դրանք փոխանցել ձեր հարկային ռեզիդենտության երկրի հարկային մարմնին։

Ի՞նչ է ինքնահայտարարագիրը՝ ըստ CRS ստանդարտի։

Ինքնահայտարարագիրը (self-certification) փաստաթուղթ է, որի միջոցով հաճախորդը բացահայտում է իր հարկային ռեզիդենտությունը։ Այս փաստաթուղթը պետք է լրացնի հաճախորդը՝ իր հարկային ռեզիդենտության կարգավիճակը սահմանելու համար։ Ինքնահայտարարագրում նվազագույնը ներառվում են հաճախորդի նույնականացման տվյալները, հարկային ռեզիդենտության երկիրը կամ երկրները (եթե անձն ունի երկակի հարկային ռեզիդենտություն), հարկային նույնացման համարը (TIN) այն երկրում/երկրներում, որտեղ հաճախորդը հաշվառված է որպես հարկային ռեզիդենտ։

Ինչո՞ւ պետք է ես հաստատեմ իմ հարկային ռեզիդենտությունը։

Նոր հաշիվ բացելիս կամ ձեր տվյալների փոփոխության դեպքում՝ CRS ստանդարտի համաձայն հաճախորդն անձամբ պետք է բանկին բացահայտի իր հարկային ռեզիդենտության վերաբերյալ տեղեկությունը, որը կատարվում է Ինքնահայտարարագրի (self-certification) միջոցով։

Ինչպե՞ս է որոշվում հարկային ռեզիդենտությունը։
Այն կախված է ձեր բնակության վայրից և այլ հանգամանքներից։ Քանի որ տարբեր երկրներում կան տարբեր կանոններ, մանրամասն տեղեկության համար խորհուրդ ենք տալիս դիմել հարկային խորհրդատուի։
FATCA-ն և CRS-ն ինչո՞վ են իրարից տարբերվում։
FATCA-ն և CRS-ը տարբեր համակարգեր են։ FATCA-ն վերաբերում է ԱՄՆ քաղաքացիներին, իսկ CRS-ն ավելի լայն է և կիրառվում է բոլոր հաճախորդների նկատմամբ՝ որոշելու նրանց հարկային ռեզիդենտությունը։
Եթե ես ապրում եմ ՀՀ-ում և այստեղ եմ վճարում հարկերը, ինչո՞ւ պետք է տրամադրեմ այս տվյալները։
CRS-ի պահանջների համաձայն՝ մենք օրենքով պարտավոր ենք ճշտել մեր բոլոր հաճախորդների հարկային ռեզիդենտությունը, նույնիսկ եթե նրանք հանդիսանում են ՀՀ հարկային ռեզիդենտներ։ Սակայն նման դեպքերում, որպես կանոն, Ձեր տվյալները չեն փոխանցվում ՀՀ հարկային մարմին։

Արդյո՞ք բոլոր ֆինանսական հաստատությունները պարտավոր են հետևել CRS-ին։
Այո, ՀՀ բոլոր բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են պահպանել այս կանոնները։

Արդյո՞ք իմ տվյալները պաշտպանված են։
Այո, ձեր տվյալները մշակվում են խիստ գաղտնիության և անվտանգության կանոններով և օրեսնդրական պահանջների շրջանակներում։

Ո՞ր երկրներն են մասնակցում CRS-ին։
Մասնակից երկրների ցանկին և տեղեկությունների փոխանակման ամսաթվերին ծանոթանալու համար կարող եք այցելել OECD-ի CRS պորտալ։ ՀՀ գործընկեր պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊԵԿ կայքում: