Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը կազմակերպել է սահմանամերձ գյուղի երեխաների հանգիստը

04.07.2017

Banks.am

Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզի Կողբ գյուղից Վիկտորիա Ավագյանը եւ Ռոբերտ Ղուլիջանյանը մասնակցել են "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:

Բանկում նշել են, որ մեկշաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները ծանոթացել են համաշխարհային տեխնոլոգիական նորություններին, ռոբոտաշինության, անիմացիոն ֆիլմերի ու կայքերի ստեղծման նրբություններին:

"Երեխաների ընտրությունը կատարվել էր՝ ելնելով նրանց՝ ճամբարի մասնակցությունից ակնկալվող արդյունքների հիմնավորումներից: Դպրոցականները նշել էին, թե Կողբ գյուղի միջնակարգ դպրոցում գործող "Արմաթ" խմբակ են հաճախում, իսկ "Թումո"-ի ամառային ճամբարին մասնակցությունը հնարավորություն կտա խորացնել տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքները, ինչը հետագայում կարող են ոչ միայն փոխանցել համագյուղացի երեխաներին, այլեւ օգտագործել կյանքում՝ անկախ, թե ինչ մասնագիտություն կընտրեն հետագայում",- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ իրենք մշտապես աջակցում են դպրոցականներին եւ երիտասարդությանը՝ "մասնակցելով նոր սերնդի կրթմանը, ստեղծելով նրանց ուսման համար նպաստավոր միջավայր, ինչպես նաեւ գործարկելով քարտային, վարկավորման տարբեր ակցիաներ":

Կոնվերս Բանկում վստահ են, որ միջազգային չափանիշներին, տնտեսության զարգացման միտումներին համահունչ կրթություն ստացած, աշխատանքի շուկայում մրցունակ երիտասարդներն են կերտելու Հայաստանի ապագան:

"Այս առումով Կոնվերս Բանկը համագործակցել եւ համագործակցում է այնպիսի կրթօջախների, ուսումնական հաստատությունների հետ, ինչպիսիք են Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ այլն",- նշել են բանկում՝ հավելելով, որ սա "Թումո" կենտրոնի հետ Կոնվերս Բանկի համագործակցության սկիզբն է, որը երկարաժամկետ ու արդյունավետ գործակցության հիմք կարող է դառնալ:

"Թումո" կենտրոնի հինգերորդ ամառային ճամբարին մասնակցել է ավելի քան 100 երեխա՝ 10 բնակավայրից:

   

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14067

← Վերադառնալ ցուցակին