Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Էռնեկյան դպրոցի շրջանավարտները՝ Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում

29.05.2017

Banks.am

Էջմիածնի Էդուարդո Էռնեկյանի անվան դպրոցի սաների ավարտական միջոցառմանը ներկա են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաեւ դպրոցի հովանավոր, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի, այդ թվում՝ Կոնվերս Բանկի ներկայացուցիչները:

Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խումբը դպրոցի սաներին ուսումնառության ամբողջ ընթացքում տրամադրում է ամենամյա կրթաթոշակներ: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է փոխանցվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի ISIC քարտերով:

"Էռնեկյան դպրոցի շրջանավարտներին համակողմանի աջակցությունը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցների, այդ թվում՝ Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս տարվանից դպրոցի սաներին կաջակցենք ոչ միայն ուսումնառության տարիներին, այլեւ դպրոցն ավարտելուց հետո՝ աջակցելով բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաեւ լավագույն սաներին հնարավորություն տալով գործնական պրակտիկա անցնել բանկում",- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը:

Նա բանկի ղեկավարության անունից դպրոցի սաներին հետագայում աշխատանքով ապահովելու պատրաստակամություն է հայտնել:

"2009թ., երբ նոր էինք ձեռնամուխ եղել Հայաստանում Հայորդաց տների հիմնադրմանը, ինձ մոտեցավ արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը եւ աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Էռնեկյան կրթօջախի սաների կրթությունը, կրթական լավագույն պայմանների ստեղծումը եւ դպրոցի սաներին մրցունակ գիտելիքների փոխանցումը միշտ էլ եղել են բարերարի ուշադրության կենտրոնում",- ասել է Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան դպրոցի սաները միշտ աչքի են ընկել "հասունությամբ եւ մտքի ճկունությամբ", ինչի վկայությունն են հանրապետական օլիմպիադաներում գրանցած հաջողությունները:

"Էդուարդո Էռնեկյանի ուշադրությունից չի վրիպում ուսումնառությանը, դրա պայմաններին առնչվող ոչ մի մանրուք: Աստծո կամոք, հաջորդ տարի Էռնեկյան դպրոցի սաների առջեւ իր դռները կբացի դպրոցի նոր շենքը, որը եւս կառուցվել է բարերարի աջակցությամբ",- ասել է Վեհափառը:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13865

← Վերադառնալ ցուցակին