Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Banks.am Կոնվերս Բանկը գերմանական երաժշտության երեկո է կազմակերպել

19.05.2017

Banks.am

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ մայիսի 15-ին կայացել է գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման մեկամյակին:

Ինչպես հայտնել են բանկում, երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Շուբերտի, Բրամսի, Շումանի, Վագների, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կատարմամբ:

"Մենք երախտապարտ ենք Գերմանիային՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում իր դիրքորոշման համար: Սա լավ օրինակ է հաստատելու, որ համամարդկային արժեքները, մշակույթը կնճռոտ հարցերը լուծելու եւ առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են",- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը, կարեւորելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը եւ զոհերի իրավահաջորդներին ապագայում իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:

"Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո մեզ շնորհակալություն հայտնելու համար Գերմանիայի դեսպանատան առջեւ էին հավաքվել հայ երիտասարդներ եւ վանկարկում էին "Դանքե Դոյչլանդ, Դանքե շոն": Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նման վերաբերմունքի արժանացած միակ դեսպանն եմ Հայաստանում",- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13830

   

← Վերադառնալ ցուցակին