Banks.am Կոնվերս Բանկը կտեղաբաշխի կորպորատիվ պարտատոմսերի 1-ին տրանշը
05.05.2017

Banks.am
Կոնվերս Բանկն այսօր սկսել է իր թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:
Ինչպես հայտնել են բանկում, տեղաբաշխմանը կհետեւի պարտատոմսերի ցուցակումը "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա"-ի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ դրամ եւ $10 մլն: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը $6 մլն է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` $100, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս՝ արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ եւ պարտատոմսերի տարեկան 5,75% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
"Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցներն ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը",- նշել է բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
"Պարտատոմսերն աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները",- ասել է բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ընկերությունը, որն իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի գործառույթները: