Կոնվերս Բանկը սկսել է պետռեգիստրի մի շարք գործառույթներ իրականացնել
09.02.2017
Banks.am
Կոնվերս Բանկը փետրվարի 8-ից սկսել է "Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության" մի շարք գործառույթների իրականացումը:
Ինչպես տեղեկացրել են բանկում, ՀՀ արդարադատության նախարարության եւ "Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության" հետ համագործակցության շրջանակում "Կիլիկիա" եւ "Նոր Նորք" մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, ՍՊԸ-ների եւ այլ առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաեւ մատուցվում են մի շարք այլ ծառայություններ:
"Կոնվերս Բանկը կարեւորում է տվյալ ոլորտում ծառայությունների մատուցումը եւ առաջիկայում նախատեսում փուլ առ փուլ ընդլայնել գործընթացում ներգրավված մասնաճյուղերի ցանկը, ինչպես նաեւ իրականացնել այլ պետական մարմինների գործառույթներ",- ասված է հաղորդագրությունում:
Բանկում տեղեկացրել են, որ հաճախորդները կարող են պետական հաշվառմանը/պետական գրանցմանը զուգահեռ բացել բանկային հաշիվ եւ օգտվել նաեւ բանկի այլ ծառայություններից:
"Բանկը հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին մեկ միասնական սպասարկման վայրում օգտվելու բոլոր անհրաժեշտ ծառայություններից, ինչպես նաեւ պարբերաբար իրականացվող ակցիաներից",- նշել են բանկում: