Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Տավուշի մարզում պետական ծառայությունների մատուցման միասնական նոր գրասենյակներ են գործարկվել

02.02.2017

Tert.am

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 2-ին, Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում, Իջևանում և Հաղարծինում մասնակցել է պետական ծառայությունների մատուցման միասնական երկու գրասենյակների գործարկմանը: Տավուշի մարզի բնակիչները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար մայրաքաղաք հասնելու փոխարեն այսուհետ կարող են այցելել Իջևանի "Արդշինբանկ" մասնաճյուղ կամ Հաղարծինի "Հայփոստ"-ի գրասենյակ և ստանալ այդ փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած բոլոր օպերատորներին և հորդորել քաղաքացիներին օգտվել Կառավարության ընձեռած այս հնարավորությունից:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի խոսքով՝ սա, իրապես, էական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որ կարողացել է նման ձեռքբերում արձանագրել: "Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես պետական ծառայությունները կարող են ավելի հասանելի դառնալ քաղաքացիներին",- ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և կարճ ժամանակում կյանքի կոչեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը, որոնք արդեն գործում են Երևանում՝ "Հայփոստ"-ի (հասցե՝ Նալբանդյան 21), "Արդշինբանկ"-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), "Ամերիաբանկ"-ի (հասցե՝ Դեղատան 6) և "Կոնվերս բանկ"-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) մասնաճյուղերում, Գառնի համայնքում գտնվող "Հայփոստ"-ի գրասենյակում, ինչպես նաև Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին ( Մ.Մաշտոցի 2) քաղաքների "Հայփոստի" գրասենյակներում, այսուհետ նաև Իջևանի "Արդշինբանկ" (հասցե՝ ք. Իջևան, Մելիքբեկյան 10) մասնաճյուղում և Հաղարծինի "Հայփոստ"-ի գրասենյակում:

Կառավարության հունվարի 26-ի որոշմամբ, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև "Անելիք բանկ" և "Հայէկոնոմբանկ" ընկերություններին: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices :

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

 Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/02/02/justice-min/2267242 

← Վերադառնալ ցուցակին