2016/17-ը՝ ՀՀ բանկերի ղեկավարների մեկնաբանությամբ
30.12.2016
Banks.am
Բանկային տարին ամփոփելու եւ հաջորդ տարվա ծրագրերի մասին պատմելու խնդրանքով Banks.am-ը դիմել է ՀՀ առեւտրային բոլոր բանկերի ղեկավարներին: Նյութում ներկայացված են այն բանկերը, որոնք պատասխանել են հարցմանը:
Բանկերի ղեկավարները պատասխանել են երկու հիմնական հարցի՝
- Որո՞նք են 2016թ. բանկի ամենացայտուն ձեռքբերումն ու մարտահրավերը (խնդիր, խոչընդոտ):
- Ո՞րն է լինելու 2017թ. բանկի նորամուծությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարուց:
Արթուր Հակոբյան, Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն
2016թ. ինչպես ամբողջ բանկային համակարգի, այնպես էլ Կոնվերս Բանկի համար բեկումնային տարի էր: Մի կողմից՝ բանկերի ուշադրության կենտրոնում ԿԲ՝ բանկերի նորմատիվային կապիտալի համալրման պահանջն էր, մյուս կողմից՝ ցածր տնտեսական աճի պայմաններում զարգացման շարունակականության ապահովումը, բանկի առջեւ դրված ծրագրերի իրագործումը:
Այս մարտահրավերները վերաբերում էին նաեւ Կոնվերս Բանկին, որոնք կարողացանք հաղթահարել: Համալրեցինք կապիտալը սահմանված նվազագույնը գերազանցող չափով, ինչպես նաեւ ունեցանք վարկային պորտֆելի առաջընթաց աճ՝ միաժամանակ բարելավելով որակը:
Հարկ է նշել, որ արձանագրված արդյունքների հետ մեկտեղ` 2016թ. կարեւոր ձեռքբերում էր բանկի կառավարման համակարգի բարեփոխումը, կորպորատիվ կառավարման նոր սկզբունքների ներդրումը, որոշումների կայացման համակարգի բարելավումը, ինչը թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ եւ ճկուն գործել փոխվող արտաքին միջավայրի պայմաններում:
Երրորդ ձեռքբերումը բանկի ծառայություններն ու առաջարկվող պրոդուկտներն են: Մեզ հաջողվեց կատարելագործել մեր տեխնոլոգիաները, դրանք դարձնել ավելի մրցունակ, ինչը դրսեւորվեց նոր հաճախորդների ներհոսքով, գործող հաճախորդների լոյալության բարձրացմամբ:
2017թ. հիմնական մարտահրավերն է լինելու բանկը զարգացնել որպես, առաջին հերթին, բնակչության, փոքր եւ միջին բիզնեսի համար հասանելի ֆինանսական կառույց եւ գործընկեր: Այս նպատակի համար մենք մտադիր ենք ներդնել նոր տեխնոլոգիաներ, բարելավել մեր գործող եւ պոտենցիալ հաճախորդների հետ հաղորդակցումը, մշտապես բարելավել առաջարկվող պրոդուկտները եւ սպասարկման որակը:
2017թ. բանկի ուշադրության կենտրոնում կլինեն տնտեսության ոլորտներում նախաձեռնվող ծրագրերն ու արդեն սկսել ենք վերլուծական աշխատանքներ տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բացահայտման, մրցունակ, հավելյալ արդյունք ստեղծող ծրագրերի մշակման նպատակով:
Մենք վստահ ենք, որ բանկի առջեւ դրված խնդիրների իրագործումն անհնար է առանց հաճախորդների վստահության, եւ ակնկալում ենք, որ մեր առաջարկները 2017թ. եւս կհետաքրքրեն նրանց՝ ստեղծելով փոխշահավետ համագործակցության նորանոր հնարավորություններ:
Աղբյուրը՝ http://www.banks.am/am/news/interviews/13138/