Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԿԱՊԻՏԱԼ / Գե­րա­դա­սում ենք վար­կա­վո­րել փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյու­նը և գյու­ղատն­տե­սու­թյու­նը

22.10.2009

Պրն Դավթյան, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2009թ. 1-ին 9 ամիսների ցուցանիշները. տնտեսական անկման տեմպը դանդաղել է։ Ձեր կարծիքով` մենք արդեն հասե՞լ ենք ճգնաժամի հատակին։

Գոյություն ունի երկու տեսակետ, մեկը, որ հասել ենք ճգնաժամի հատակին և մյուսը, որ 2010-ն ավելի վատ է լինելու։ Գնահատելով ոչ միայն ԱՎԾ-ի տվյալները, այլև մեր հաճախորդների աշխուժությունը, կարծում եմ՝ 2010թ. ավելի ակտիվ է լինելու։ Ես հակված եմ այն տեսակետին, որ մենք հասել ենք հատակին։ Մնացած երկրների համեմատ Հայաստանում տնտեսական անկման ցուցանիշները եղել են բավական բարձր։ Մեզ մոտ նաև գնաճային խնդիրներն են եղել ավելի սուր, քան այլ երկրներում։ Ճգաժամի այսպիսի պայմաներում, առնվազն մեզ մոտ, գնաճ չպետք է լիներ։

Ինչպե՞ս կգնահատեք ԿԲ-ի հակաճգնաժամային մարտավարությունը, օրինակ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցման մասով։ Դրանք ադեկվատ համարո՞ւմ եք տնտեսությունում արձանագրվող զարգացումներին։

ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականությունը համարժեք և ճիշտ էր, պարզապես մի փոքր ուշացած։ Խնդիրը ավելի շատ այլ հարթությունում է։ Որոշ բանկեր ոչ համարժեք արձագանքեցին այդ քաղաքականությանը։ ԿԲ-ի նպատակն էր իջեցնել փողի գինը և ընդլայնողական քաղաքականությամբ խթանել տնտեսության աշխուժացումը, որպեսզի բանկերը սկսեին վարկեր տրամադրել։ Բայց որոշ բանկեր և տնտեսավարող սուբյեկտներ ձեռք բերեցին այդ գումարները և ուղղեցին արտարժույթի շուկա: Վախենալով, որ կարող է կրկնվել մարտի 3-ի սցենարը՝ նրանք գերադասեցին այդ դրամով արտարժույթ գնել, այլ ոչ թե վարկավորում իրականացնել։ Այս ամենը հանգեցրեց ԿԲ-ի զայրույթին և զարմանքին։

Իմ կարծիքով՝ ընդհանուր առմամբ ԿԲ-ի քաղաքականությունը ճիշտ էր։ ԿԲ-ն բազմաթիվ անգամ նշել է, որ բանկերը չեն արձագանքում իր քաղաքականությանը։ ԿԲ-ն ստիպված եղավ մտցնել արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ։ Սա արվեց, որպեսզի բաները չկարողանան երկար դիրքեր ունենալ՝ արտարժույթ գնելու և պահելու։

«Կասկադ Բանկն» անցյալ շաբաթ կանխատեսում հրապարակեց, որ տարեվերջին դոլարի փոխարժեքը կարող է հասնել 405-ի։ Ինչպե՞ս կգնահատեք այդ կանխատեսումը:

Համաձայն չեմ այդ կանխատեսմանը: Նախ պետք է բերվեն հիմնավորումները, թե ինչու այդպես կլինի։ Հայաստանում ամենաանշնորհակալ գործը փոխարժեք կանխատեսելն է։ Մեր տնտեսությունը յուրակատուկ է ամեն ինչով, հաճախ՝ շուկայի օրենքներին չհամապատասխանելու տեսակետից։

ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսությունը միշտ որպես առանձին օրինակ էր բերում։ Հայաստանում գները խիստ կապված են արտարժույթի փոխարժեքի հետ։ Նույնիսկ այն տնտեսվարողները, որոնք ընդհանրապես կապ չունեն արտարժույթի հետ, իրենց գները փորձում են ճշգրտել արտարժույթի փոխարժեքի հետ։ Այստեղ տրամաբանական կապ չկա, բայց սա իրականությունն է։

Եթե հաշվի առնենք, որ ԿԲ-ի գործառույթներից մեկը գնաճի կառավարումն է, ապա հասկանալի է, որ նա ստիպված է ինտերվենցիաներ կատարել փոխարժեքի շուկայում, որպեսզի թույլ չտա բարձր գնաճ։ Եթե ԿԲ-ի նոր նորմատիվի սահմանման քաղաքականության արդյունքում արտարժույթի փոխարժեքը ներքև չիջնի, վերև, համոզված եմ, չի բարձրանա։

Արտարժութային աժիոտաժի հիմնական պատճառը որոշ բանկերն են և նրանց հաճախորդները, որոնք, ինչպես նշեցի, արտարժույթ են գնում և պահում։ Այսօր առկա են բանկեր, որոնք պատրաստ են փոխառություններ վերցնել, բայց միայն արտարժույթ չվաճառեն։ Հասկանալի է բանկերի պահվածքը. նրանք տեսել են մարտի 3:

Սակայն ԿԲ-ի տեսանկյունից դա անընդունելի է։ Որքան ես եմ հասկանում, ԿԲ-ն փորձում է ստիպել այդ բանկերին վաճառել արտարժույթները և գտնվել նորմատիվային դաշտում։ Հիմա բանկերը կսկսեն վաճառել դոլարներ: Հիմքեր չեմ տեսնում, որ փոխարժեքը պետք է բարձրանա, ընդհակառակը, այն կարող է իջնել և գտնվել ԿԲ-ի կողմից հայտարարված միջանցքում՝ $1 = Դ360-Դ380։

Վերջին շրջանում բանկերը ակտիվացրին վարկավորումը, և նկատվեց տոկոսադրույքների իջեցում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այս ամենը պայմանավորված։

Այս գործընթացը սկսվեց օգոստոսին, և այստեղ առկա էր երկու գործոն։ Նախ, տնտեսությունում նկատվեց ակտիվություն։ Եթե նայենք վարկառուներին, ապա նրանք սկսեցին ավելի ակտիվ դիմել բանկերին։ Երկրորդը միջազգային կառույցների ծրագրերն են, որոնք ԿԲ-ն սկսեց ներկայացնել բանկերին, այդ թվում ռուսական վարկի ծրագիրը։

ԿԲ-ն սահմանեց, որ ռուսական միջոցներով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի առավելագույն չափը կարող է լինել 15%։ Այսինքն՝ եթե բանկերը ցանկանում են վերաֆինանսավորվել, պետք է նման տոկոսադրույք սահմանեն։ Նրանք ստիպված պետք է իջեցնեին տոկոսադրույքները։ Բանկի համար առկա է երկու տարբերակ՝ կա՛մ ֆինանսավորել սեփական միջոցներով, կա՛մ միջազգային ծրագրերով։

Ստացվել է մի իրավիճակ, երբ բանկը ինքն իր հետ մրցակցության մեջ է մտել և ստիպված էր իջեցնել բոլոր տեսակի միջոցներով տրվող վարկերի տոկոսադրույքները։ Վարկառուի համար մեծ հաշվով նշանակություն չունի՝ նա վարկը կստանա բանկի սեփական միջոցների՞ց, թե՞ միջազգային ծրագրերի միջոցներից։ Այս ամենի արդյունքում իջեցվեցին վարկերի տոկոսադրույքները։ Այսօր դրանք կազմում են 14-15% տարեկան։

Տեղի ունեցավ նաև այն, որ բանկերը սկսեցին մտածել նաև ավանդների տոկոսադրույքների իջեցման մասին։ Այսօր մեր բանկը բոլոր տեսակի ավանդների համար տոկոսադրույքը իջեցրել է 1 տոկոսային կետով։

Միջազգային կառույցներից ներգրավված միջոցները կառավարությունը տնտեսություն է ուղղում բանկերի միջոցով։ Կա տեսակետ, որ ավելի ճիշտ կլիներ ստեղծել հիմնադրամ և դրա միջոցով իրականացնել վարկավորումը, ինչի արդյունքում կլինեին ավելի ցածր տոկոսադրույքներ։

Այդ հիմնադրամը, ամենայն հավանականությամբ, կլիներ պետական, իսկ համաշխարհային փորձն ապացուցել է, որ պետությունն ամենավատ կառավարիչն է։ Եթե դա այդպես չլիներ, ապա չէր լինի սեփականաշնորհում, մասնավոր ընկերություններ, և ամեն ինչ կլիներ պետական։

Ֆինանսավորումը բանկերի միջոցով իրականացնելը ճիշտ որոշում էր։ Սխալ է կարծել, որ հիմնադրամի ֆինանսավորման դեպքում մարժա չէր լինի։ Առկա է ֆինանսական միջոցների ինքնարժեքի պարզ հասկացություն։

Եթե բանկերը, օրինակ ռուսական վարկի միջոցները ներգրավում են 7%-ով, ապա կան նաև հավելյալ ծախսեր, որոնք մի բանկում ավելի մեծ են, մյուսում՝ ավելի փոքր։ Այդ ինքնարժեքը միջինը կազմում է 2%-4%: Պետք է հաշվի առնենք նաև բանկի խելամիտ եկամուտը, որը նույնպես ներառվում է տոկոսադրույքի մեջ։

Եթե ստեղծվեր հիմնադրամ, դա կնշանակեր նոր կազմակերպություն, նոր աշխատողներ, նոր գործընթացներ և այլն: Այնպես որ, եթե առկա են բանկեր, որոնք այդ ամենում մասնագիտացած են, նման կառույցի ստեղծումը տնտեսապես արդարացված չէ։ Իհարկե, ես դեմ կլինեի, եթե վարկավորումն իրականացվեր մեկ բանկի միջոցով, բայց այսօր 8-9 գործընկեր կազմակերպություններ կան, որոնք մրցակցում են միմյանց հետ։

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում սփրեդը դեռ բավական մեծ է։ Այն փոքրացնելու հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

Մենք հիմա սփրեդը փոքրացնում ենք։ Ի սկզբանե ԿԲ-ն հայտարարել էր, որ վարկերի տոկոսադրույքը պետք է լինի 15%, բայց հետո այս շեմը հանվեց։ Այսօր ԿԲ-ն վերաֆինանսավորում է այն բանկերին, որոնք վարկերը տրամադրում են ավելի ցածր տոկոսադրույքով։ Բիզնես վարկերը մենք արդեն տրամադրում ենք 12-13% տարեկան տոկոսադրույքով։ Այստեղ, եթե հաշվի առնենք մեր ինքնարժեքը, ապա բանկն ունենում է 1-3% եկամտաբերություն, որը բանկի ռիսկի վճարն է։

2008թ. դեկտեմբերին «Կոնվերս Բանկը» թողարկեց պարտատոմսեր։ Ակնկալվում էր, որ առաջին Դ300 մլն տրանշից հետո կլիներ նաև երկրորդ տրանշը, սակայն մայիսին հայտարարվեց, որ երկրորդ տրանշ մոտ ապագայում չի լինի։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը. առաջին տրանշի ժամանակ արդյոք չէի՞ք գնահատել ճգնաժամի հնարավոր ազդեցությունը։

Ճգնաժամի հնարավոր էֆեկտները կանխատեսված էին, բայց այն ժամանակ ոչ ոք չէր սպասում, որ այն կլինի նման խորությամբ և տևողությամբ։ Երբ առաջին տրանշը պատրաստվեց թողարկման, արդեն ակնհայտ էր, որ հաջորդ տրանշերի տեղաբաշխումը բավական դժվար կլինի։

Առաջին տրանշը տեղաբաշխեցինք հաջողությամբ, իսկ երկրորդը նախատեսված էր մայիսին, երբ ճգնաժամը բավական խորն էր։ Հայտարարեցինք, որ տեղաբաշխումը կլինի տարեվերջին, բայց զարգացումները ընթացան այնպես, որ տեղաբաշխումը դարձավ աննպատակահարմար։

Զարգացումներից մեկն այն էր, որ ամռանը տոկոսադրույքները սկսեցին բարձրանալ, և մենք պատրաստ չէինք նման տոկոսադրույքներով տեղաբաշխում իրականացնել։

Երկրորդ զարգացումը միջազգային միջոցներով վերաֆինանսավորումն էր։ Այսօր մենք հնարավորություն ունենք ըստ էության 7%-ով միջոցներ ներգրավել, և այդ դեպքում անիմաստ է 10-11% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը։ Այդ իսկ պատճառով էլ որոշեցինք բավարարվել այդ Դ300 մլն-ով։ Մենք արդեն փորձն ունենք, և երբ տնտեսությունն ընկնի հունի մեջ և ցույց տա, որ պատրաստ է կլանել որոշակի քանակության արժեթղթեր, մենք նորից դուրս կգանք շուկա։

Հայկական բանկերն այս տարի որոշակի վնասներ կրեցին: Ինչպիսի՞ն է տարին «Կոնվերս Բանկի» համար:

Մեր բանկում հիմնական կորուստը ձևավորվեց մարտ ամսին։ Այդ ամիսը շատ բանկերի համար վատ ամիս էր։ Վնասի պատճառն այն էր, որ մենք որոշ բանկերի պես չդադարեցրինք արտարժույթի վաճառքը հաճախորդներին։ «Կոնվերս Բանկը» քիչ բանկերից մեկն է, որը ոչ մի րոպե չի դադարեցրել իր բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը։

Մարտի դեպքերից հետո ունեցել ենք վերագնահատման վնաս։ Այստեղ մենք աշխատել էինք ի վնաս բանկի, բայց հօգուտ հաճախորդի, քանի որ մեզ համար անունն ավելի կարևոր էր, քան այն վնասը, որը կգոյանար վերագնահատման արդյունքում։

Երկրորդ խնդիրը եղավ այն, որ մենք փորձեցինք մաքրել վարկային պորտֆելը դասակարգված վարկերից և լինել ավելի խիստ, քան ԿԲ-ն էր պահանջում։ Երկար ժամանակ դասակարգումից չհանեցինք այն վարկերը, մինչև ամբողջովին չհամոզվեցինք, որ դրանք առողջացված են։

Այսօր չկա մի բանկ, որը չունենա դասակարգված վարկեր և ասի, որ իր մոտ վարկային պորտֆելը շատ լավ որակի է։ Մենք փորձեցինք լինել ազնիվ, թափանցիկ՝ ներկայացնելով այն, ինչ կա և չփորձելով վերաֆինանսավորումներով փակել այդ ճեղքվածքը։

Դուք ո՞ր վարկատեսակներին եք նախապատվությունը տալիս։

Ներկայում մենք գերադասում ենք վարկավորել փոքր և միջին ձեռնարկատիրությունը և գյուղատնտեսությունը։ Բոլորս հասկանում ենք, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու և տնտեսական աճի ապահովման ձևերից մեկը փոքր և միջին բիզնեսի վարկավորումն է։ Մենք նաև մասնակցում ենք դոնոր կազմակերպությունների կողմից գյուղոլորտում իրականացվող ծրագրերին և դրանց շրջանակում նույնպես իրականացնում վարկավորում։

Բայց չենք սահմանափակվում միայն այս երկու վարկատեսակներով. շարունակում ենք կորպորատիվ հաճախորդների վարկավորումը, տրամադրում ենք սպառողական վարկեր, հիպոթեկային վարկեր։

Տեսակետ կա, որ Հայաստանում սպասվում է վարկերի չվերադարձելիության երկրորդ ալիքը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա հնարավոր։

Ինձ չի թվում, որ կլինի չվերադարձելիության երկրորդ ալիքը։ Խոսքը վերլուծաբանների այն տեսակների մասին է, որ 2010թ. լինելու է ճգնաժամի երկրորդ ալիքը, որը կհարվածի նաև վարկառուներին։ Համենայն դեպս, մենք փորձել ենք ուսումնասիրել մեր վարկային պորտֆելը, և հուսով եք, որ եթե նույնիսկ հարվածը լինի, մեզ չի դիպչի։ Ես լավատես եմ և կարծում եմ, որ դա վերլուծաբանների սուբյեկտիվ կարծիքն է։

Հայաստանի բանկային համակարգը գնում է դեպի կոնսոլիդացիա: Դուք ինչպե՞ս եք տեսնում զարգացումները:

Չեմ կարծում, որ կլինեն բանկեր, որոնք լքեն շուկան, իսկ բանկերի միաձուլումը պարբերական երևույթ է։ Հայաստանի համար 22 բանկը, իմ կարծիքով, շատ է։ Միաձուլումներ լինելու են։ Երբ շուկան զարգանում է, տեղի է ունենում նաև բանկերի մեծացում։ Եթե բանկերը հնարավորություն ունեն մեծանալու սեփական ուժերով, նրանք մեծանում են, եթե ոչ, ապա մրցակցությանը դիմագրավելու համար տեղի են ունենում միաձուլումներ։

Դուք ակնկալո՞ւմ եք, որ ԿԲ-ն որոշակիորեն կմեղմի նորմատիվային դաշտը։

Այդ հարցին ավելի ճիշտ կլիներ, որ պատասխանի ԿԲ-ն։ Բայց մեր՝ ԿԲ-ի հետ քննարկումների ժամանակ նա ոչ մի խոստում չի տալիս նորմատիվային դաշտի մեղմացման մասով։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածին, որով սահմանված է, որ փոխառությունների տոկոսների չափը չի կարող գերազանցել ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, ապա դա ավելի շատ սահմանադրական խնդիր է։ Այդպիսի սահմանափակում չի կարող դրված լինել Քաղաքացիական օրենսգրքում։ Եթե մենք հայտարարում ենք, որ ունենք շուկայական տնտեսություն, ապա պետք է թողնենք՝ տոկոսադրույքները որոշի շուկան։

http://cdaily.am/home/paper/2009_10_22/news/15225/

ԿԱՊԻՏԱԼ

← Վերադառնալ ցուցակին