Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԱԶԳ / Նոր անդամներ Կոնվերս բանկում

29.07.2009

Կոնվերս բանկը հայտնել է խորհրդի կազմում` Նյու Յորքից ժամանած երկու կարեւոր անդամների նշանակման մասին:

Ջոն Տոնելին եւ Ռոբերտ Սեդրակյանը կստանձնեն իրենց պաշտոնները Կենտրոնական բանկի կողմից իրենց նշանակման հաստատումից անմիջապես հետո:

Ջոն Տոնելին Նյու Յորքի ՋեյՓի Մորգան Չեյզ Բանկի ավագ բանկիր է եւ միջազգային ծրագրերի ֆինանսավորման բաժնի ղեկավարը, ունի միջազգային ֆինանսական ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ: Մինչ ՋեյՓի Մորգան Չեյզում աշխատելը նա Բեյր Ստիերս ընդ Կո-ի Ավագ գործադիր տնօրենն էր եւ ձեւավորվող շուկաների կառուցվածքային ֆինանսավորման բաժնի ղեկավարը: Դրանից առաջ նա եղել է Նյու Յորքում գտնվող խոշոր Ուոլ Սթրիթի իրավաբանական ընկերության` Կադվալադեր Վիկերշեմ ընդ Թաֆտի իրավաբան:

Պարոն Տոնելին բակալավրի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում, իսկ իրավաբանական կրթությունը ստացել եւ մագիստրատուրան ավարտել է Ֆորդհամի համալսարանում: Ռոբերտ Սեդրակյանը Հելիոս Գրուպի` Նյու Յորքում գտնվող մասնավոր ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է: Մինչ Հելիոս Գրուպի կազմավորումը պրն. Սեդրակյանը եղել է Սանբիմ Օսթեր ընկերության գլխավոր ֆինանսական ղեկավարը: Սանբիմ Օսթերը սպառողական ապրանքների միջազգային ընկերություն է, որն ընդգրկված է «Ֆորթյուն» ամսագրի 500 ընկերությունների թվում:

Նա նաեւ գլխավոր գործընկեր է եղել Ջապոնիկա Փարթներսում, որը գնման եւ ներդրումների ակտիվ գործող ընկերություն է: Դրանից առաջ նա աշխատել է Կալիֆոռնիայի Ֆըրսթ Ինտերսթեյթ բանկի առեւտրային բանկային բաժնում: Պրն Սեդրակյանը բակալավրի կոչում է ստացել տնտեսագիտությունից եւ մագիստրոսի կոչումՙ ֆինանսական ոլորտում, ինչպես նաեւ միջազգային բիզնես է սովորել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում:

Նշանակման մասին հայտնելիս բաժնետերերը նշել են. «Մեր բանկի համար առաջնային են վստահությունը, անխոցելիությունը եւ հաճախորդների սպասարկումը: Այդ պատճառով մենք մշտապես իրականացնում ենք ծրագրեր, որոնցով մենք ընկալվում ենք շուկայում որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը, որն ունի անբասիր հեղինակություն: Ուոլ Սթրիթի երկու փորձառու մասնագետների նշանակումը որպես մեր բանկի խորհրդի անդամներ ավելի կբարելավի մեր ղեկավարության եւ աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի որակը եւ մակարդակը:

«Պարոն Ջոն Տոնելի եւ պրն Ռոբերտ Սեդրակյանի նշանակումը որպես Կոնվերս բանկի թիմի ավագ անդամներ նշանակալիորեն կավելացնի բանկի հնարավորությունները եւ կխթանի իր հաճախորդներին նոր առաջնակարգ ծառայությունների մատուցումը», ավելացրել են բաժնետերերը:

Այս նշանակումների մասին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ պրն Տոնելիի եւ պրն Սեդրակյանի նշանակումը դրական է Կոնվերս բանկի համար եւ օգտակարՙ Հայաստանի բանկային սեկտորին:

http://azg.am/AM/2009072910

ԱԶԳ

← Վերադառնալ ցուցակին