Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ / «Ֆրուտթֆուլ Արմենիան»—ի նախաձեռնությունը

08.05.2009

«Ֆրուտթֆուլ Արմենիա»-ն հանդես է գալիս իր հինգերորդ ամենամյա նախաձեռնությամբ. այս տարի ընկերությունը կազմակերպել է նոր մրցույթ՝ նպատակ ունենալով բացահայտել աշխարհի տարբեր անկյուններում ապրող տաղանդավոր հայ երիտասարդներին, խրախուսել նրանց կողմից ներկայացվող նորարարական առաջարկները, որոնք կնպաստեն ընդլայնելու գյուղատնտեսական եւ գյուղարդյունաբերական արտադրությունը, առեւտրի եւ շուկայավարման, ֆինանսների եւ ենթակառուցվածքների ոլորտները Հայաստանում։
Մրցանակաբաշխությունը անցկացվում է «Կոնվերս բանկ»-ի հովանավորությամբ, մրցանակային ֆոնդը, ինչպես «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը հայտնեց, կազմում է 15 մլն դրամ։
«Սա հեղափոխական իդեաների մրցույթ է, եւ կպարգեւատրվեն նրանք, ում առաջարկներն ավելի խենթ ու հետաքրքիր կլինեն։ Իդեան այն է, որ երիտասարդ հայ տաղանդների մի փունջ ստեղծվի»,-ասաց Ա. Ղուկասյանը։
Ինչպես «Ֆրութֆուլ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը նկատեց, իրենք փնտրում են հայ երիտասարդներին տարբեր բնագավառներում, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց ակնկալիքներն ու գիտելիքները՝ մասնավորապես ներկայացնելով վերը նշված այս կամ այն ոլորտի հետ առնչվող հեղափոխական նախագծեր, Հայաստանի համար ներգրավելով նոր մեթոդներ, գաղափարներ եւ ձեւաչափեր։ «Մրցույթին կարող են մասնակցել 18-30 տարեկան անգլերեն եւ հայերեն լեզուների իմացությամբ երիտասարդները»,-ասաց «Ֆրուտթֆուլ Արմենիա»-ի գործադիր տնօրենը։
Ըստ տկն Շիրինյանի՝ ներկայացվող աշխատանքները պետք է լինեն բնօրինակ, նորարարական եւ չտպագրված։ Նա նաեւ հայտնեց, որ ներկայացված աշխատությունների մեջ, բացի եզրակացություններից, հեղինակները կարող են հանդես գալ իրականանալի մի առաջարկով, որն ուղղված կլինի Հայաստանի վերոհիշյալ չորս ոլորտներին։
Ոսկե մրցանակի արժանացողը կպարգեւատրվի 3 մլն դրամով, 1-ին մրցանակ ստացողը՝ 750 հազար դրամով, 2-րդը՝ 300 հազար դրամով եւ այլն։
«Հաղթողներին հնարավորություն կտրվի հրապարակել իրենց աշխատանքները եւ աշխատել կազմակերպության հետ»,-նշեց Անա Քրիստինա Շիրինյանը։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերին։

http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20090508_10&flag=am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

← Վերադառնալ ցուցակին