Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Վարկավորում` փոքր և միջին բիզնեսին

26.11.2008

Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Կոնվերս բանկին» կտրամադրի $10 մլն: Երեկ «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանը եւ Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնը այս մասին պայմանագիր են ստորագրել: Ա. Ղուկասյանի խոսքերով. «Վարկերը տրվելու են առանց աշխարհագրական սահմանափակումների՝ առեւտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման եւ այլ ոլորտներում աշխատող մանր եւ միջին ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին»:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնն էլ կարևորելով «Կոնվերս բանկի» հետ վարկային ծրագրի իրականացումը, նշեց, որ այն Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների վստահության եւս մեկ երաշխիք է: Միջոցառմանը ներկա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով էլ, «ՎԶԵԲ-ն ընտրել է «Կոնվերս բանկը», քանի որ այն ունի շատ արհեստավարժ մենեջմենթ եւ ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգ»: Նրա տեղեկացմամբ, ՎԶԵԲ-ը Հայաստանում ակտիվորեն աշխատում է՝ իրագործելով ավելի քան 20 տարբեր ծրագրեր: Վարկը տրվում է 4 տարի ժամկետով եւ շուկայական տոկոսադրույքներով: Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկի» բաժնետերերն են Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷԼԷԼՍԻ-ն՝ 95% եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ 5% բաժնեմասերով: Բանկն ունի 25 մասնաճյուղ՝ Հայաստանի 13 քաղաքներում:

ԱՌԱՎՈՏ

← Վերադառնալ ցուցակին