Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր Թատրոնում Փոքր բեմ է կառուցվել
21.02.2019
Փետրվարի 20-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Այն Հայաստանում պրոֆեսիոնալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box-ն է, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար:
"Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ, որն իր ողջ գործունեության ընթացքում մշտապես եղել է մշակույթի և արվեստի ոլորտում տարբեր նախաձեռնությունների մասնակիցն ու աջակիցը: Հուսով եմ, որ նախորդ տարի սկսած համագործակցությունը այս նախագծի իրականացմամբ չի ավարտվի և մենք հնարավորություն կունենանք հետագայում ևս հանդիսատեսին ներկայանալ նոր, հետաքրքիր առաջարկներով",- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
"Մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի շրջանակներում միայն նախորդ տարի Կոնվերս Բանկը աջակցել և մասնակցել է մոտ մեկ տասնյակ միջոցառումների: Black Box-ի բացումը հանրային և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակներում իրականացված այդպիսի նախագծերից մեկն է, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն ակադեմիական թատրոններին բնորոշ բեմադրություններ, այլև նորարարական, ժամանակակից լուծումներով նոր ներկայացումներ",- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: