Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը

17.04.2020

 

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։

 


"Էռնեկյան ընտանիքը մշտապես կարևորել է Հայաստանում և Արցախում ներկայության մեծացումն՝ իր ավանդը ներդնելով թե տնտեսության զարգացման մեջ, թե բարեգործական ծրագրերում: Մեր որոշումը կարևորագույն քայլ է ավելի ուժեղ և աճող Բանկ ստեղծելու ճանապարհին: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է և ունի կայուն ֆինանսական ոլորտ՝ շահութաբերության մեծ պոտենցիալով: Կապիտալի համալրմամբ մեր վստահությունն ենք հայտնում Բանկին՝ առաջիկա ծրագրերի իրականացման հարցում", - ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ, Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խորխե Ալբերտո Դել Ագիլա Էռնեկյանը:


" Կապիտալի հերթական համալրումը պլանավորել էինք դեռևս նախորդ տարի հաստատված Բանկի 2020թ. զարգացման ծրագրերով: Գործընթացն ավարտեցինք ապրիլին։ Վերջին տարիներին Կոնվերս Բանկը ցուցաբերում է գործունեության հիմնական ցուցանիշների առաջանցիկ կայուն աճ՝ ունենալով շահութաբերության կայուն մակարդակ։ Կապիտալի համալրումը հնարավորություն կտա Բանկին պահպանել աճի տեմպերը։ Միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընդլայնմանը, ինչպես նաև Բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ հեռահար թվային ծառայությունների ոլորտի զարգացմանը" ,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ.-ին։ Բանկը գործունեությունը ծավալում է որպես ունիվերսալ բանկ՝ զարգացման գերակա ուղղություն դիտարկելով մանրածախ բանկային ծառայությունների զարգացումը: Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները 31.12.2016թ.-31.12.2019թթ. ժամանակահատվածում դրսևորել են աճի կայուն դինամիկա. ակտիվներն աճել են 71%-ով՝ 2019թ. տարեվերջի դրությամբ կազմելով մոտ 326.6 մլրդ դրամ, վարկային պորտֆելն աճել է 90%-ով՝ կազմելով մոտ 226.7 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 77%-ով՝ կազմելով մոտ 281.6 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթն ավելացել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով ավելի քան 5.4 մլրդ դրամ: Բանկի Կապիտալի շահութաբերությունը 2019թ․ արդյունքներով կազմել է 12․9%:

 

← Վերադառնալ ցուցակին