Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Մայր Թատրոնի՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված Փոքր բեմում սեպտեմբերի 17-ին ներկայացման պրեմիերա էր

17.09.2019

Սեպտեմբերի 17-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում(Black box) տեղի ունեցավ Մաթեի Վիշնիեկի "Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից" պիեսի բեմադրության պրեմիերան:

Ողջունելով Մայր թատրոնի Փոքր բեմի առաջին հանդիսատեսին, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ դրա շինարարությունը և պրեմիերան անհնար կլինեին առանց գործընկեր Կոնվերս Բանկի աջակցության:
"Երբ մեկ տարի առաջ նախաձեռնեցինք Փոքր բեմի շինարարությունը, շատերը հոռետեսորեն վերաբերեցին դրան: Իսկ Կոնվերս Բանկը վստահեց մեզ և իր ամենօրյա հոգածու վերաբերմունքով աջակցեց նախագծի հաջողությանը: Այսօր Հայաստանում թատրոնին կից միակ Black box-ում պրեմիերա է: Մենք ներկայացնելու ենք մի ստեղծագործություն, որտեղ արծարծվող թեմաները արդիական են նաև մեր օրերում և որոնք, վստահ եմ, հանդիսատեսին մտորումների բազում առիթներ կտան",-իր խոսքում ասաց նա՝ Կոնվերս Բանկին շնորհակալություն հայտնելով արգասաբեր համագործակցության համար:


"Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից" պիեսի ընտրությունը պատահական չէ:
"Ստեղծագործությունը բազմաշերտ է: Պիեսում չկան պատասխաններ, կան հարցադրումներ, որոնց շուրջ մտածել ու մտածում են արդեն դարեր: Հիմնական՝ արվեստագետ-իշխանություն փոխհարաբերությունների մասին պատմող սյուժետային գծին զուգահեռ այստեղ կարելի է գտնել նաև արվեստագետի ներքին մտորումները, հարցադրումներ իշխանության պատկանելության և իմաստի մասին: Պիեսը նաև հարգանքի տուրք է ստալինյան ռեպրեսիաներին զոհ դարձած արվեստագետներին",- ասաց պիեսի թարգմանիչ և բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը:
Ներկայացման գլխավոր դերակատարը Արթուր Կարապետյանն է, դերերում հանդես են եկել նաև Գրետա Մեջլումյանը, Ռազմիկ Խոսրոևը, Մեսրոպ Աբտոյանը, Ալեքսան Թադևոսյանը և այլն :

← Վերադառնալ ցուցակին