Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերություններն ամփոփել են համատեղ մրցույթի արդյունքները

01.04.2019

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերությունները ամփոփել են հայ արվեստագետների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվել է Karas Art ծրագրի շրջանակներում՝ Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ:

Մրցույթի շրջանակում արվեստագետներին էր առաջարկվել ներկայացնել արվեստի ինքնատիպ գործերի էսքիզներ կամ թվային ձևաչափով օրինակներ, որոնք հետագայում պետք է ձեռքով նկարվեն գինու տակառների վրա:

"Տակառների նկարազարդման մրցույթը ապրանքանիշի` տեղական ստեղծարար միջավայրը խթանելու և մշակութային հարուստ ժառանգությունն ու գինեգործության հետաքրքիր ավանդույթները վերակենդանացնելու ընդհանուր տեսլականի մասն է: Մեր նպատակն է խթանել և խրախուսել հայ նկարիչներին, որոնք շատ տաղանդավոր են, կարողանում են իրենց զգացմունքներն ու հոգեվիճակն արտահայտել աներևակայելի գույներով: Գինու արտադրությունը ևս արվեստի տեսակ է, որտեղ արվեստի կատարյալ գործ ստեղծելու համար անհրաժեշտ է Թիմի անդամներից յուրաքանչյուրի նվիրվածությունն ու սերը",- ասել է Կարաս Վայնս ընկերության տնօրեն Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը:

Ըստ նրա, Karas Art-ը երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում Կարաս Վայնս-ը պարբերաբար հանդես է գալու հետաքրքրիր մրցույթներով և նախաձեռնություններով:

"Մշակույթի, արվեստի խրախուսումը Կոնվերս Բանկի գործելակերպն է, մեր հանրային ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից է: Յուրաքանչյուր տարի Բանկը ներգրավված է լինում մեկ տասնյակից ավելի մշակութային նախաձեռնությունների: Ուրախությամբ մաս կազմեցինք մեր Խմբի անդամ և գործընկեր՝ Կարաս Վայնսի այս հետաքիրքիր նախաձեռնությանը",-ասել է մրցույթի ֆինանսական աջակից Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Միջոցառման ավարտին լավագույն 3 էսքիզներ ներկայացրած արվեստագետներին են հանձնվել դրամային պարգևներ:

← Վերադառնալ ցուցակին