Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Համագործակցություն Կոնվերս Բանկի և "Այբ" կրթական հիմնադրամի միջև

11.04.2018

Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և "Այբ" կրթական հիմնադրամի միջև: Դրա շրջանակներում՝ մայիսի 5-ին, Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի "Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը":

"Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է",- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Նրա խոսքով, Կոնվերս Բանկը երկարամյա համագործակցության փորձ ունի Հայաստանի մի քանի կրթօջախների հետ, որոնց սաների համար պարբերաբար հանդես է գալիս տարբեր շահավետ առաջարկներով, ինչպես նաև աջակցում նրանց կրթական միջավայրի ու պայմանների բարելավման:

Բանկի որդեգրած այս մոտեցումը հատկապես ընդգծված կլինի 2018 թվականի ընթացքում.

"Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: 25-ամյակի միջոցառումների շրջանակում հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանն և երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով",-ասաց պարոն Հակոբյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների 40 թիմ Երևանից, ՀՀ և Արցախի տարբեր մարզերից, ինչը նշանակում է, որ մրցաշարի նկատմամբ բարձր դասարանցիների հետաքրքրությունը հետզհետե աճում է:
"Մենք շատ ոգեշնչված ենք այս համագործակցությամբ։ "Այբ" հիմնադրամի և "Կոնվերս Բանկ" -ի այս համագործակցության արդյունքում մենք կարող ենք բացահայտել պայծառ երիտասարդներ, ովքեր վաղը կշարունակեն իրենց ուսումն ու զարգացումը և կդառնան մեր երկրում քիմիական արդյունաբերության, առողջապահության զարգացման գրավականը", - ասել է "Այբ" հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

Նշենք, որ "Այբ" կրթական հիմնադրամի հերթական այս նախաձեռնությունը իրականացվում է 2010թ-ից: Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների թիմեր: Մրցաշարի ընթացքում 9-ից 12-րդ դասարանցիները լուծում են քիմիայի առաջադեմ խնդիրները, քննարկում տարբեր գիտական թեմաներ եւ ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները:

Նկարներ

 

← Վերադառնալ ցուցակին