Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Արգենտինական երաժշտության երեկո Ռաուլ Բարբոզայի տրիոյի հետ

04.07.2016

Հուլիսի 7-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հայտնի ակորդեոնահար, արգենտինյան չամամե երաժշտական ժանրի նշանավոր կատարող Ռաուլ Բարբոզայի և իր տրիոյի համերգը: Երեկոն նվիրված կլինի Արգենտինայի անկախության 200-ամյակին: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ աջակցությամբ: Համերգի գլխավոր հովանավորն է Կոնվերս Բանկը:

Ռաուլ Բարբոզան ծնվել է 1938թ.-ին Բուենոս Այրեսում: Նրա հայրը` Ռաֆայել Բարբոզան, գուարանի ծագմամբ երաժիշտ էր: Երբ Ռաուլը յոթ տարեկան էր, հայրը նրան ակորդեոն է նվիրում: Ռաուլիտոն, ինչպես նրան անվանում էին այդ ժամանակ, արագորեն հմտանում է գործիքը նվագելու մեջ` դրա հետ միասին սովորելով նաև գուարանիներին բնորոշ չամամե գյուղական երաժշտությունը:

1964թ. Բարբոզան ձայնագրում է իր առաջին սկավառակը: Նա գործունեություն է ծավալում նաև Բրազիլիայում, 70-ականներին մեկնում է համերգային շրջագայության Խորհրդային Միություն, իսկ ավելի ուշ` Ճապոնիա:

Հիսուն տարեկան հասակում, երբ շատերը որոշում կկայացնեին հանգիստ վերցնել, Բարբոզան որոշում է կարիերան շարունակել Փարիզում և հենց այնտեղ էլ հասցնում է ձայնագրել իր ''Charles Cross'' սկավառակը: 2009-ին ձայնագրում է իր ''Ձմեռը Փարիզում'' ձայնասկավառակը` կիթառահար Հորասիո Կաստիլյոյի հետ միասին:

Չամամե երաժշտւթյան մասին Բարբոզան իր հարցազրույցներից մեկում նշում է, որ ''չամամեն կիսառիթմիկ երաժշտություն է, որն աջ ձեռքում նվագում են երկմաս տեմպում, իսկ ձախ ձեռքում` եռամաս տեմպում: Հենց սա է, որ բարդացնում է այս երաժշտությունը, եւ նրանք, ովքեր տանգո են նվագում, մեծ դժվարությամբ են նվագում չամամե''` ավելացնելով, որ Փարիզում համերգներ տալուց զատ` նա նաև սովորեցնում էր չամամեի արվեստը, որովհետև մարդիկ, որոնք սկսել են չամամե նվագել լսողությամբ, ինչպես հենց ինքը, երբեք չեն պատկերացրել` որքան բարդ այն կարող է լինել, եւ հավելում` ''չամամե սովորեցելու համար պետք է կարողանալ երաժշտություն գրել'':

 

 

 

← Վերադառնալ ցուցակին