Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Տիգրան Դավթյան. "Ագրեսիվ զարգացումն այլընտրանք չունի"

12.12.2011

- Հայաստանի բանկերից շատերն այս տարի հայտարարել են ռազմավարական փոփոխությունների մասին: Կոնվերս բանկը, լինելով ոլորտի խոշոր խաղացողներից մեկը, սովորաբար իրեն զուսպ է դրսեւորում, սակայն վերջերս նկատելի են դարձել փոփոխությունները բանկի արտաքին ոճում: Նշանակո՞ւմ է դա արդյոք նոր ռազմավարություն:

- Այսօր Հայաստանում գործող 21 բանկը չափազանց շատ է, հետեւաբար հաճախ բանկերն իրար նույնիսկ խանգարում են: Գնահատելով այդ մրցակցությունը եւ Հայաստանում հաճախորդների սահմանափակ թիվը՝ մենք գիտակցում ենք, որ ագրեսիվ զարգացումն այլընտրանք չունի:

Հաջորդ տարիների մեր ռազմավարությունն ագրեսիվ աճն է` մեր «Բոլորի համար» կարգախոսին համապատասխան: Հատկապես շեշտադրվելու են մանրածախ բանկային ծառայությունները: Դա նշանակում է Հայաստանի բոլոր մարզերում մասնաճյուղային ցանցի ընդլայնում եւ հասանելիություն յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս սուր մրցակցության պայմաններում մեր առաջարկած ծառայությունները լինեն մրցունակ, իսկ ծառայությունների որակը՝ բարձր: Ընդ որում, չի բացառվում նաեւ բանկի ոչ օրգանական ընդլայնումը՝ այլ ֆինանսական կառույցի ձեռքբերման միջոցով:

Ներկայումս մենք իրականացնում ենք իմիջային փոփոխություններ, առաջիկայում բանկի բոլոր մասնաճյուղերը կվերափոխվեն այնպես, որ հաճախորդը տարբերություն չի զգա դրանց միջեւ : Ամենուրեք պետք է գործեն որակի միեւնույն չափանիշները:

- Չնայած Հայաստանի բանկային համակարգում խոշոր միջազգային խաղացողների առկայության, կան փոքր բանկեր, որոնք կարողանում են աշխատել շահույթով եւ առողջ ցուցանիշներ արձանագրել: Ինչպե՞ս դա կբացատրեք:

- Սովորաբար այդ փոքր բանկերն ընտրում են իրենց թիրախային խումբը, ընդհուպ մինչեւ բաժնետիրոջ հետ փոխկապակցված ընկերությունների հետ աշխատելը, որտեղ, կարծես, իրենց վատ չեն զգում:

Սակայն կարծում եմ, որ վաղ թե ուշ սեփականատերերին այլեւս հետաքրքիր չի լինի պահել այդ փոքր բանկերն իրենց փոքր շահութաբերությամբ: Նրանցից շատերի ROE-ն (սեփական կապիտալի եկամտաբերությունը; հաշվարկվում է հետեւյալ ճանապարհով. զուտ շահույթ/սեփական կապիտալ * 100%) բավականին ցածր մակարդակի վրա է: Այսօր ներդրողի համար բացարձակապես հետաքրքիր չի պահել բանկ, որն ունի 10%-ից ցածր եկամտաբերություն, քանի որ այդ նույն գումարները կարելի է ավանդադնել բանկում եւ ստանալ նույն եկամտաբերությունը: Երկար այդպես շարունակվել չի կարող:

- Հայաստանի բանկային համակարգն այս տարվա առաջին երեք եռամսյակներում դինամիկ աճ է արձանագրել: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ համակարգը լիովին հաղթահարել է ճգնաժամի հետեւանքները եւ մտել է ակտիվ զարգացման փուլ: Մյուս կողմից, Հայաստանի վրա "կախվել է" ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքի վտանգը: Որքանո՞վ ենք մենք այս անգամ պատրաստված դիմակայելու արտաքին ցնցումներին:


- Եթե ավելի խորը ուսումնասիրենք հաճախորդների ֆինանսատնտեսական ցուցանիշները, կտեսնենք, որ ճգնաժամի արդյունքները դեռ ամբողջովին չեն վերացել: Եվ եթե ճգնաժամը հարվածի Հայաստանին եւս մեկ անգամ, ինչը բոլոր վերլուծաբանների կարծիքով անխուսափելի է, թերեւս բանկային համակարգը կկարողանա դրան դիմակայել: Ավելի բարդ կլինի այլ շուկաների հետ քիչ թե շատ ինտեգրված եւ/կամ տրանսֆերտներից «սնվող» տնտեսվարող սուբյեկտների դրությունը, ինչն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա վարկերի վերադարձելիության վրա:

Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ընթացող գործընթացները չեն կարող չազդել դոլարի ու եվրոյի վրա, իսկ հաշվի առնելով մեր տնտեսության դոլարիզացիան՝ դա առավել վտանգավոր է: Բանկերի վարկային պորտֆելները Հայաստանում 70%-ով դոլարային են: Ստանալ եկամուտներ դրամով եւ վերցնել դոլարային վարկ՝ նշանակում է ընկնել արտարժութային ռիսկի տակ: Մնում է հուսալ, որ այդ նոր ալիքը Հայաստանին քիչ կվնասի: Ամեն դեպքում, մեր ռազմավարական ծրագիրը կազմելիս՝ մենք պլանավորել ենք բավականին կայուն ազգային արժույթ:

- Չի՞ ստեղծում դա արդյոք Հայաստանում հեջֆոնդերի ձեւավորման նախադրյալներ:


- Կարծում եմ, դրա նախադրյալները կան դեռ վաղուց: Մի կողմ դնենք հեջֆոնդերը. մեզ մոտ դեռեւս չի ձեւավորվել ածանցյալ արժեթղթերի շուկա: Եթե այսօր ունենայինք ֆյուչերսների եւ օպցիոնների շուկաներ, կկարողանայինք այդ ռիսկերն ինչ-որ կերպ ծածկել:

- Դուք Սլավոնական համալսարանում դասավանդում եք «Արժեթղթերի շուկա» առարկան: Կցանկանայինք լսել ձեր գնահատականները թե որպես թողարկող բանկի ղեկավար, թե որպես ոլորտի մասնագետ. ի՞նչ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներ ունի Հայաստանի կապիտալի շուկան եւ, ի վերջո, ինչո՞ւ այն չի զարգանում:

- Կան մի քանի պատճառներ. ԽՍՀՄ ժամանակաշրջանից մնացած վատ հիշողությունները, գիտելիքների պակասը, մենթալիտետը եւ ամենացավալին` Հայաստանում տեղի ունեցած սեփականաշնորհումը, որը ընթացավ հնարավոր ամենասխալ ճանապարհով: Արդյունքում ունեցանք սեփականաշնորհված եւ թալանված ձեռնարկություններ, որոնք գնահատվել եւ վաճառվել են անհասկանալի կերպով:

Հետո ստեղծվեց Արժեթղթերի հանձնաժողովը, որը նորաստեղծ բաժնետիրական ընկերությունների համար դրեց այնպիսի խիստ պահանջներ, որ բաց բաժնետիրական ընկերությունները նախընտրեցին դառնալ փակ: 1997-98թթ. կային 1400 բաց բաժնետիրական ընկերություններ, իսկ այսօր դրանք կարելի է մատերի վրա հաշվել:

Այսօր շատ քիչ ընկերություններ կան, որոնք ուզում են գնալ IPO-ի: Կարծում եմ, այս ոլորտում որոշակի ապագա ունի հենց բանկային համակարգը, քանի որ սուր մրցակցության պայմաններում բանկերը պետք է գնան խոշորացման:

Մենք թողարկել էինք կորպորատիվ պարտատոմսեր եւ մտադրված էինք իրականացնել 4 տեղաբաշխում, սակայն առաջինից հետո հասկացանք, որ հաջորդները տեղաբաշխելն անհնար է: Արտարժույթի թռիչքից հետո մարդիկ այլեւս չէին կատարում ներդրումներ դրամով: Այսօր տեղաբաշխումը քիչ թե շատ հնարավոր է իրականացնել կարճաժամկետ թողարկումների դեպքում, իսկ մեր պարտատոմսերը թողարկվել են 3 տարով:

Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ապահովումն այսօր անհնար է տնտեսության դոլարիզացիան եւ ազգային արժույթի նկատմամբ երկարաժամկետ վստահության բացակայության պատճառով:

Հուսով եմ, մոտակա տարիներին մարդկանց մոտ կվերադառնա վստահությունն ազգային արժույթի հանդեպ, եւ տնտեսության դոլարիզացիան մակարդակը կնվազի:

- Կոնվերս բանկը մասնակցում է պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի ծրագրին: Ինչպե՞ս եք այն գնահատում:


- Թիվ մեկ համաշխարհային խնդիրը, որը բարձրացվում է վերլուծաբանների կողմից, պարենային ապահովությունն է: Մոլորակի բնակչությունը շեշտակի աճում է, եւ մի քանի տասնյակ տարիներ անց բնակչությանը պարենով ապահովելը դառնալու է բոլորի թիվ մեկ խնդիրը:

Ըստ այդմ, բոլոր երկրները պետք է առաջին հերթին մտածեն պարենային ապահովության մասին: Հայաստանի պես երկիրը գոնե ցորեն ու միս ներկրելու կարիք չպետք է ունենա: Կարծում եմ, մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստանն առնվազն ցորենով եւ մսով ապահովելը: Սա այն հարցն է, որի լուծման համար պետք չեն տասնամյակներ, դա, իմ կարծիքով, կարելի է անել շատ արագ:

Պետք է ասեմ, որ գյուղատնտեսության վարկավորումը բիզնեսի տեսանկյունից բավականին շահավետ է, պարզապես մի քիչ ավելի ժամանակատար ոլորտ է: Բանկի ռազմավարական ծրագրում մենք շատ մեծ տեղ ենք տալիս գյուղատնտեսության ֆինանսավորմանը: Եթե հիմա գյուղատնտեսության վարկավորումը մեր պորտֆելում կազմում է շուրջ 5%, առաջիկա 3 տարիների ընթացքում այն նախատեսվում է հասցնել 10%-ի:

Պետական ծրագիրը բավականին շահավետ էր մեր համար, թեեւ մենք դրան միացանք համեմատաբար ուշ: Դրանից զատ մենք գյուղատնտեսությունը ֆինանսավորում ենք բազմաթիվ միջազգային ծրագրերի շրջանակում եւ սեփական միջոցների հաշվին: Ընդ որում, բավականին լավ տոկոսադրույքներով` տարեկան 12%-ից մինչեւ 16%: Այդ վարկերը հիմնականում չեն գերազանցում 3 մլն դրամը: Վերադարձելիությունն էլ այստեղ բավականին լավն է:

- Դուք վերջերս եք վերադարձել Լոս-Անջելեսում կայացած առաջին ներդրումային բանկային համաժողովից. ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:


- Համաժողովը բավականին արդյունավետ անցավ, մասնակցեց շուրջ 400 հոգի: Հետաքրքիրն այն էր, որ Լոս-Անջելեսի հայազգի բազմաթիվ գործարարներ անկեղծորեն զարմացան Կենտրոնական բանկի եւ Բանկերի միության ներկայացումների վրա, որոնց շնորհիվ նրանք բացահայտեցին իրենց համար Հայաստանի բանկային համակարգը որպես զարգացած եւ կայուն: Կարծում եմ, մեզ հաջողվեց ամերիկացի մեր հայրենակիցներին հասցնել այն ուղերձը, որ Հայաստանը ներդրումների համար արժանի պետություն է, իսկ բանկային համակարգը լավ զարգացած է եւ կայուն:

← Վերադառնալ ցուցակին