Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԿԱՊԻՏԱԼ / Դեմպինգ նաև բանկային համակարգում

23.03.2011

Հայաստանի Կենտրոնական բանկը այս տարի կոշտացրեց դրամավարկային քաղաքականությունը գնաճը զսպելու նպատակով, և առաջիկա ամիսներին նման քաղաքականությունը պահպանվելու է։ ԿԲ-ն նաև քայլեր է կատարում տնտեսության ապադոլարայնացման ուղղությամբ։ Բանկային համակարգի մարտահրավերներին և մակրոտնտեսական զարգացումներին «Կապիտալի» հետ հարցազրույցում անդրադառնում է «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

-Պրն Դավթյան, վերջին ամիսներին ԿԲ-ն բավականին խստացրեց դրամավարկային քաղաքականությունը՝ մեծ քայլերով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ինչպե՞ս կանդրադառնա դա բանկային համակարգի գործունեության վրա։ Որքանո՞վ դա կազդի բանկերի և, մասնավորապես, Ձեր բանկի կողմից իրականացվող վարկային քաղաքականության վրա։

-Անցած տարի արձանագրվեցին գնաճի բարձր տեմպեր և կարծես այս տարի այդ բարձր տեմպերը պահպանվելու են։ Բնականաբար, ԿԲ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի զսպի բարձր գնաճը, և այդ նպատակով օգտագործելու է դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դա, բնականաբար, պետք է հանգեցնի բանկերի մոտ թե՛ դրամային, թե՛ դոլարային վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, սակայն այն բանկերը, որոնց մոտ տոկոսային մարժան դեռ մեծ է՝ ի հաշիվ շահութաբերության նվազեցման, վարկերի տոկոսները չեն բարձրացնի։ Այսօր բանկերը լավ հաճախորդներ ներգրավելու համար դիմում են դեմպինգային քաղաքականության, ընդհուպ մինչև վարկերը տրամադրում են գրեթե նույն տոկոսով, որքանով ներգրավում են այդ միջոցները։ Ուստի, սա հարկադրված քայլերից մեկը կարող է լինել նմանատիպ դեմպինգի պայմաններում հաճախորդ ներգրավելու համար:

-Գուցե ԿԲ-ն շո՞ւտ գնաց նորմատիվային դաշտի խստացմանը։

-Այս պահին ԿԲ-ի կողմից այդ խստացումն ավելի քան արդարացված էր: Այս առումով պետք է բանկերը հարմարվեն ԿԲ-ի քաղաքականությանը։

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2011թ. Հայաստանի տնտեսության զարգացման առումով։

-Այս տարին բավական դժվար տարի է լինելու։ Պետությունը երկու մակրոտնտեսական՝ միմյանց հակադիր խնդիր ունի լուծելու, մի կողմից՝ զսպել գնաճի բարձր տեմպերը, իսկ մյուս կողմից՝ ապահովել տնտեսական աճը։ Գնաճի տեմպերը զսպելու համար բարձրացվում են տոկոսադրույքները, ինչը իր հերթին բերելու է վարկավորման ծավալների կրճատման։ Բայց մյուս կողմից՝ պետք է ապահովել տնտեսության աճը, ինչը վարկավորման ծավալների կրճատման պայմաններում բավական դժվար է։ Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պայքարել գնաճի դեմ և, միևնույն ժամանակ, ապահովել տնտեսության աճի բարձր տեմպեր։ Միգուցե Հայաստանում դա հնարավոր լինի։ Հայաստանում հաճախ տնտեսական պրոցեսները կտրված են դասական տեսության կանոններից։
Այս առումով, ինչպես ասացի, բանկերի համար դժվար տարի է լինելու։ Եթե բանկերը կարողանան ապահովել վարկային պորտֆելի աճի ոչ թե բարձր ցուցանիշներ, այլ ընդամենը մի քանի տոկոս, ապա դա արդեն լավ ցուցանիշ կլինի։ Նման պայմաններում իջնելու է տնտեսության վարկավորումը և բանկային համակարգի շահութաբերությունը։

-ԿԲ-ն քայլեր է կատարում տնտեսության ապադոլարայնացման ուղղությամբ, բայց մյուս կողմից ասվում է, որ դրամը պետք է արժեզրկվի։ Հիմա բանկերը ծրագրեր կազմելիս ո՞ր գործոնները պետք է հաշվի առնեն։ Դրամի փոխարժեքը և վարքագիծը կանխատեսելի՞ են։

-Հայաստանում երբեք փոխարժեքը կանխատեսելի չի եղել, և թող ոչ ոք չասի, որ ինքը կարողանում է փոխարժեք կանխատեսել: ԿԲ-ն հայտարարել է, որ որդեգրել է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինքը փոխարժեք չի կառավարում, այլ խնդիրն է կանխել կտրուկ տատանումները։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ չլինեն փոխարժեքի կտրուկ թռիչքներ։ Իսկ դրամի սահուն արժեզրկումը Հայաստանի համար նորմալ երևույթ է, եթե հաշվի առնենք, որ մենք ունենք բացասական վճարային հաշվեկշիռ։ Եթե դրամն արժևորվեր, դա կլիներ աննորմալ երևույթ։

-Բայց չէ՞ որ, եթե հայտարարվում է ապադոլարայնացման միջոցառումների մասին, ապա ենթադրվում է դրամի արժևորում։

-Պարտադիր չէ։ Տեսեք, վերջին շրջանում դրամը սահուն արժեզրկվում է՝ մեկ-երկու դրամով, և դա մեր տնտեսության համար նորմալ երևույթ է։ Մենք՝ որպես բանկ, այստեղ մտավախություն չունենք։ Միակ խնդիրն այն է, որ դոլարային վարկեր ստացած տնտեսավորողների համար դրամի արժեզրկման պայմաններում ավելանում է վարկի սպասարկման գումարը։

-Իհարկե, փոխարժեք կանխատեսելը դժվար է, բայց յուրաքանչյուր բանկ իր համար տարվա կտրվածքով նախանշում է փոխարժեքի հնարավոր միջանցքը։ Ըստ Ձեզ՝ այս տարի ո՞ր միջանցքում է գտնվելու փոխարժեքը։

-Մենք հակված ենք ավելի շատ մտածել, որ այսօրվա միջակայքը՝ ‘360-380/$-ը, նորմալ է, և տարվա կտրվածքով փոխարժեքը կլինի դրանից ոչ ավելի։

-Թեև հայտնի է, որ «Կոնվերս բանկը» համագործակցում է «Հայփոստի» «Փոստբանկի» շրջանակներում, այնուամենայնիվ հասարակության լայն շրջանակների համար մի փոքր անհասկանալի է՝ ի վերջո, ի՞նչ է «Փոստբանկը», եթե հաշվի առնենք, որ այն ըստ էության չի գործում որպես առանձին առևտրային բանկ։

-«Հայփոստի» հետ մենք ունենք կնքած համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ «Կոնվերս բանկը» փոստային բաժանմունքներում կտրամադրի բանկային ծառայություններ։ Որպեսզի դա տարբերվի «Կոնվերս բանկի» ավանդական ծառայություններից, որոնք տրամադրվում են բանկի մասնաճյուղերում, որպես ապրանքանիշ ընտրվեց «Կոնվերս փոստ բանկ» ապրանքանիշը։ Եթե տեսնում եք այդ ապրանքանիշը, ապա այդտեղ տրամադրվում են ծառայություններ միայն ֆիզիկական անձանց համար։ «Հայփոստը» իր հեռանկարային զարգացման ծրագրով պարտավորվել էր մոտակա հինգ տարիներին ողջ հանրապետության տարածքով վերանորոգել և արդիականացնել առնվազն 250 փոստային բաժանմունք։ Մենք այդ փոստային բաժանմունքներում ֆիզիկական անձանց կմատուցենք բանկային ծառայություններ։ Անցած տարի մենք գրանցեցինք երկու «Կոնվերս փոստ բանկ» մասնաճյուղեր, մեկը՝ Կապանում, մյուսը՝ Երևանում, և դրանք ավելի շատ պիլոտային ծրագրեր էին։ Մենք ցանկանում ենք հասկանալ Երևանի և մարզերի առանձնահատկությունները և խնդիրները։ Արդեն այս տարի մեծ ծրագիր է մշակվում մեր և «Հայփոստի» կողմից, որը կներկայացվի ԿԲ-ի, կառավարության հաստատմանը, որից հետո մենք կսկսենք լայն ծավալով իրականացնել այդ ծրագիրը։ Մենք ծրագրում ենք, որ առաջին տարում բացվի 30-50 մասնաճյուղ։
«Հայփոստը» մեզ տրամադրում է տարածքը, իսկ արդեն բոլոր պահանջները, որոնք ԿԲ-ի կողմից սահմանված են բանկային մասնաճյուղի համար, ապահովում է «Կոնվերս բանկը»։ Մենք համատեղության կարգով աշխատանքի ենք ընդունում փոստային բաժանմունքի աշխատակիցներին, որոնք կանցնեն որոշակի վերապատրաստումներ, որպեսզի կարողանան բանկային ծառայություններ մատուցել։ Ըստ էության՝ փոստային բաժանմունքի աշխատակիցը լինում է և՛ բանկի, և՛ «Հայփոստի» աշխատակից։ Այս համագործակցության շնորհիվ մենք բարձրացնում ենք «Հայփոստի» շահութաբերությունը, հասանելի ենք դարձնում բանկային ծառայությունները հասարակության լայն շրջանակներին հատկապես մարզերում։

-Այս տարվա սկզբից Հայաստանում ներդրվեց կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչ: Ձեր բանկը որևէ կերպ արձագանքելո՞ւ է այս գործընթացին։

-Մենք երևի առաջիններից մեկը արձագանքեցինք այդ համակարգին միանալուն։ Այսօր կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոշ հարցերում և՛ ԿԲ-ի, և՛ կառավարության կողմից ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն կա։ Մենք այսօր պատրաստ ենք միանալու այդ համակարգին և մշակել ենք ծրագրեր, որոնք օրենսդրական դաշտի պարզաբանումներից հետո կիրագործվեն։

-«Կոնվերս բանկը» բավական ճկուն քաղաքականություն է վարում պլաստիկ քարտերի հետ կապված ծառայությունների ոլորտում։ Վերջերս շուկային ներկայացրիք նաև հատուկ կանանց համար նախատեսված MasterCard: Ընդհանրապես, պլաստիկ քարտերի ոլորտի զարգացման ի՞նչ միտումներ կան հիմա, և որքանո՞վ են դրանք գոհացուցիչ։

-Հայաստանում թողարկված է 588 հազ. պլաստիկ քարտ, իսկ չափահաս բնակչությունը շուրջ 2 մլն է, այսինքն՝ պլաստիկ քարտերի շուկան զարգանալու բավական մեծ պոտենցիալ ունի։ Կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ ճանապարհին է և փորձում է սահմանափակել կանխիկի շրջանառությունը, ինչը կբերի պլաստիկ քարտերի օգտագործման ավելացմանը և ստվերի կրճատմանը։ Որքան էլ մենք փորձենք գովազդել պլաստիկ քարտերը, առաջարկենք լրացուցիչ ծառայություններ, եթե վաճառքի կետերում չլինի դրանց սպասարկման կուլտուրան, ոչ մի բան չի ստացվի։ Այսօր բանկերը թողարկում են քարտեր, բայց վաճառքի կետերում մի տեղ չկան pos-տերմինալներ, և չեն կարողանում քարտերը սպասարկել, մյուս տեղը չեն ցանկանում սպասարկել, քանի որ անկանխիկի դեպքում հնարավոր չէ ստվերայնություն ունենալ։ Պլաստիկ քարտերի կուլտուրան դանդաղ և հետևողական պետք է ներդրվի։ Պլաստիկ քարտերի ներդրումը միայն բանկերի խնդիրը չէ, այլ նաև կառավարության խնդիրն է։

-Վերջին շրջանում լուրջ քննադատություններ հնչեցին բանկերի հասցեին, որ բավական բարձր տոկոսներով վարկեր են տրամադրում գյուղացիներին։ Այստեղ բանկերը իսկապես մեղքի բաժին ունե՞ն, թե՞ խնդիրն այլ տեղ է։

-Այդպես չէ, որ տոկոսները բարձր են։ Միգուցե մյուս բանկերը բարձր տոկոսներով են տալիս, ես չգիտեմ, համենայն դեպս «Կոնվերս բանկը» փորձում է գյուղացիական տնտեսություններին վարկերը տրամադրել նորմալ պայմաններով։ Դրա համար մենք համագործակցում ենք բոլոր միջազգային ծրագրերի հետ, որոնց էժան միջոցներով կարելի է վարկավորել գյուղատնտեսությունը։ Այսօր եթե մենք փոքր և միջին բիզնեսին վարկերը տրամադրում ենք միջինը 14-15%-ով, ապա գյուղացիական տնտեսություններին վարկավորում ենք 12%։ Ճգնաժամից հետո մենք ավելի շատ խնդիրներ ունեցանք մեծ վարկառուների հետ, իսկ գյուղվարկավորման մասով մեծ խնդիրներ գրեթե չենք ունեցել։

http://www.cdaily.am/home/paper/2011_03_23/news/24485/

ԿԱՊԻՏԱԼ

← Վերադառնալ ցուցակին