Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս բանկի" գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը և Banks.am պորտալին:

27.09.2007


- Նրանից հետո, երբ ձեր բանկը նոր սեփականատեր ունեցավ ի դեմս Էդուարդո Էռնեկյանի գալով, "Կոնվերս Բանկը" սկսեց վարել նոր կադրերի ընտրության ակտիվ քաղաքականություն: Արդյո՞ք դա նշանակում է, որ բանկի կադրային փոփոխությունները վկայում են նոր սեփականատիրոջ կողմից ծրագրված լայնածավալ փոփոխությունների մասին:
- Բանկի կադրային փոփոխություններն ուղիղ կապ չունեն այն նոր ռազմավարության հետ, որը ծրագրել է պարոն Էռնեկյանը: "Կոնվերս Բանկը" միշտ վարել է և շարունակում է վարել նոր կադրերի ներգրավման, նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման քաղաքականություն: Մեր մոտակա ծրագրերից է բանկի թիմի ընդլայնումը, ինչն առաջին հերթին պայմանավորված է մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ: Մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք բացել 8 նոր մասնաճյուղեր, իսկ 2008 թ. ընթացքում` և ս 24 մասնաճյուղ: "Կոնվերս Բանկի" մասնաճյուղային ցանցը պետք է ծածկի Հայաստանի ամբողջ տարածքը:
Մոտակա տարվա համար բանկի առջև խնդիր է դրված` երկրի բանկային ոլորտում զբաղեցնել եթե ոչ առաջին, ապա երկրորդ տեղն այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ակտիվների և կապիտալի ծավալը, մատուցվող ծառայությունների տեսականին եւ բազմազանությունը, հաճախորդների քանակը, պլաստիկ քարտերի շուկան, մասնաճյուղային ցանցը և այլն: Մշակվել է համապատասխան ծրագիր, որն արժանացել է բանկի խորհրդի հավանությանը:
Պ-ն Էռնեկյանն ուսումնասիրում է բանկի կապիտալի ավելացման հեռանկարն ու ակնկալվում է, որ համապատասխան որոշումը կկայացվի մինչև տարեվերջ:
Հոկտեմբերի սկզբին բանկում ներդրվելու է ագրովարկավորման նոր ծրագիր, որով բարենպաստ պայմաններով վարկեր կտրամադրվեն ֆերմերային տնտեսություններին և վերամշակող ձեռնարկություններին: Վարկը տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14% նախնական տոկոսադրույքով:
Նաև վերանայել ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, մասնավորապես երկարացրել ենք վարկի տրամադրման ժամկետներն ու նվազեցրել ենք տոկոսադրույքը: Հոկտեմբերի վերջից նախատեսում ենք սկսել լիզինգային ծառայությունների տրամադրումը, ուսումնասիրում ենք նաև ֆակտորինգի ներդման հեռանկարը:
- Իրենց հրապարակային հայտարարություններում առևտրային բանկերի ներկայացուցիչն ողջունում են նոր բանկերի մուտքը հայկական շուկա: Որքա՞նով են անկեղծ նման հայտարարությունները:
- Արդեն իսկ ակնհայտ է հայկական բանկային շուկա լուրջ ռեսուրսներ և տեխնոլոգիաներ ունեցող մի շարք խոշոր ֆինանսական կազմակերպությունների մուտքի միտումը: Խոսքը գնում է ինչպես գործող բանկերի ձեռք բերման, այնպես էլ նորերի ստեղծման մասին:
Օրերս հայտարարվեց "Տրոյկա Դիալոգ" ռուսական խոշորագույն ներդրումային ընկերության կողմից "Հայներարտբանկի" ձեռք բերման մասին, մոտենում է ավարտին լիբանանյան "Բիբլոս բանկին" "ԻԹԲ Միջազգային առևտրային բանկի" վաճառքի գործարքը, ռուսական "Գազպրոմբանկը" բանակցություններ է վարում "Առէկսիմբանկի" ձեռք բերման վերաբերյալ, շուտով հիմնվելու է նոր "Պրոկրեդիտբանկը", որը մասնագիտանալու է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ուղղությամբ:
Բնական է, որ ավելի էժան ռեսուրսների ներհոսքը կնպաստի մրցակցության սրմանը, և այս առումով հայկական բանկերը պետք է մտածեն իրենց ռեսուրսային բազաների դիվերսիֆիկացման մասին: Բացի այդ, նոր բանկերի մուտքը կխթանի նոր տեխնոլոգիաների և ծառայությունների ներդրումը, ինչը կբերի առկա ապրանքատեսակների վերանայմանը` ինչպես որակական, այնպես էլ գնային չափանիշներով: Իմ կարծիքով, դա տեղի կունենա 2008 թ. կեսերին:
Այսօր բանկերի վարկային ներդրումները կազմում են ՀՆԱ-ի 10%-ը, և սա ամենացածր ցուցանիշն է տարածաշրջանում: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի բանկային համակարգն ունի վարկավորման և ավանդների ներգրավման աճի բավականին մեծ պոտենցիալ
Աճող մրցակցության պայմաններում հատկապես բարդ իրավիճակում կհայտնվեն փոքր և միջին բանկերը, որոնք ստիպված կլինեն մտածել միաձուլման, կամ վաճառքի մասին: Կարծում եմ, որ մոտակա 3 տարիներին հայկական բանկային ոլորտը միաձուլումների և վաճառքների բում է ապրելու: Իմ կարծիքով, 5 խոշոր եւ 2-3 մասնագիտացված բանկերի առկայությունը բավարար կլինի երկրի բանկային համակարգի սպասարկման համար:
- Աճող մրցակցության պայմաններում Հայաստանի բանկերը սկսել են ավելի մեծ ուշադրութուն դարձնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Արդյո՞ք դա վաղաժամ չէ այն առումով, որ բնակչությունը դեռեւս չունի բավական փորձ ու հմտություններ դրանց կիրառման համար:
- Միանշական ոչ, քանի որ Հայաստանի բանկային շուկայում նոր տեխնոլոգիաների կիրառումն ընթանում է համաշխարհային միտումների հետ զուգահեռ: Այլ հարց է, թե ինչպե՞ս նոր ծառայություններն ավելի մատչելի կերպով մատուցել բնակչությանը: Այս ուղղությամբ լուրջ բացատրողական աշխատանքներ պետք է վարեն ինչպես բանկերը, այնպես էլ ԶԼՄ-ները:
Միևնույն է, որոշակի առաջընթաց արդեն կա: Եթե 2 տարի առաջ "Բանկ-հաճախորդ" համակարգից օգտվողների 95%-ը կազմում էին ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ապա այսօր արդեն մեծ է ռեզիդենտ օգտվողների թիվը` կազմակերպությունների և մասնավոր անձանց: Բացի այդ, նկատվում է նաև պլաստիկ քարտերով օգտվողների թվի կայուն աճ:
- "Կոնվերս Բանկը" չի՞ նախատեսում դիմել միջազգային գործակալություններին վարկանիշ ստանալու նպատակով:
- Վարկանիշ ստանալը մեզ համար ինքնանպատակ չէ: Վարկանիշ ստանալու հիմնական նպատակն արտաքին շուկաներից ռեսուրսների ներգրավումն է, ինչն ապահովվում է պարտատոմսերի թողարկմամբ: Այս տարի մենք չենք նախատեսում պարտատոմսեր թողարկել, և որոշել ենք վարկանիշ ստանալու համար դիմել 2008 թ.: Դա պայմանավորված է արժեթղթերի շուկա, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու մեր մտադրությամբ` սինդիկացված վարկեր ներգրավելու նպատակով:
Ցանկացած դեպքում գործընկեր-բանկերը մեզ լավ գիտեն` փաստորեն մենք վարկանիշ չունեցող առաջին հայկական բանկն էինք, որը թղթակից-բանկից ստացավ չապահովված բանկային ռեսուրս (ակրեդիտիվներ և վարկային նամակներ) առեւտրային գործարքներ իրագործելու համար:
- Ինչպիսի՞ արդյունքների է հասել "Կոնվերս Բանկը" 2007 թ. ընթացքում:
- Օբյեկտիվ պատճառներով մենք այս տարին սկսեցինք բավականին ցածր ցուցանիշներով` 5-6 ամիս բանկը գտնվում էր վաճառքի գործընթացում և շուկայում ակտիվ քաղաքականություն չէր վարում: Փետրվարից, նոր սեփականատիրոջ գալով, մենք սկսեցինք ակտիվ գործունեություն, ինչի շնորհիվ ավելացավ բանկի ակտիվների ծավալը, վարկային ներդրումների ծավալն ու բանկի եկամտաբերությունը:
Կարող եմ միանշանկորեն ասել, որ այս տարվա ծրագրերը կկատարվեն և նույնիսկ կգերակատարվեն: Ընթացիք տարվա 9 ամսիների ընթացքում մենք արդեն կատարեցինք ակտիվների ծավալի տարեկան ծրագիրը: Բանկի վարկային ներդրումներն աճել են 80%-ով եւ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ աճը կկազմի նվազագույնը 120-130%: Հուլիսից բանկը գերակատարում է եկամտաբերության ծրագիրը, և վստահ եմ, որ այդ միտումը կշարունակվի մինչև տարեվերջ:

P.S. Հաջորդ շաբաթվանից Արտակ Անեսյանը զբաղեցնելու է "Հայներարտբանկի" գործադիր տնօրենի պաշտոնը: Banks.am-ը հաջողություն է մաղթում պարոն Անեսյանին նոր աշխատավայրում:

← Վերադառնալ ցուցակին